Ինչպես են նախաքննական գաղտնիք հանդիսացող նյութերը հայտնվել Սուրեն Պապիկյանի ձեռքում
Քիչ առաջ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը հրապարակել է մի փաստաթուղթ՝ ենթադրաբար 2012 թվականի ԲՀԿ նախընտրական նյութերից՝ Գեղարքունիքի մարզի։ Այս փաստաթղթով փորձում են արդարացնել Գագիկ Ծառուկյանի տանը եւ ԲՀԿ գրասենյակներում խուզարկությունները, որոնք տեղի են ունենում վաղ առավոտից։ Անշուշտ շատ հնարավոր է փաստաթուղթն իրական է, եւ արժե դրանով քննություն իրականացնել եւ պատժել ոմանց՝ եթե ընտրակեղծարարության մասին է խոսքը։

Բայց այստեղ շատ ավելի կարեւոր բան կա՝ ինչպես է այս թուղթը հայտնվել Սուրեն Պապիկյանի ձեռքում։ Ենթադրվում է, որ այն նախաքննական գաղտնիք է՝ ԱԱԾ վարույթում գտնվող գործից։ Եթե նրան ԱԱԾ-ից են տրամադրել, ապա գործ ունենք պաշտոնական հանցագործության հետ՝ պաշտոնի չարաշահում, նախաքննական գաղտնիքի հրապարակում։
Հիշեցնենք, որ սա այն Սուրեն Պապիկյանն է, ով բողոքում էր իր դատվածության փաստի մասին մեր հրապարակումից։ Դատվածություն, որի հետ կապված դատաքննություն էր ընթացել, դատավճիռ էր հրապարակվել, մտել ուժի մեջ եւ ինքն էլ մոտ մեկ տարի նստել էր։ Իսկ մենք ընդամենը քրեական գործի հոդվածներն էինք հրապարակել։ Այն ժամանակ մեզ մեղադրեցին ԱԱԾ արխիվներից անօրինական ճանապարհով տեղեկությունը ստանալու մեջ եւ անգամ մի պաշտոնյա աշխատանքից ազատվեց՝ իբրեւ թե արտահոսք թույլ տալու համար։
Ընդ որում, թուղթը նախ տեղադրել են ինչ որ անհայտ էջում, ապա դրվել է Պապիկյանի մոտ։ Այդ տեխնոլոգիան էլ է հայտնի։ Նախ, օրինապահ նախարարը անգամ եթե ինքը կապ չունի այդ թղթի հետ, չպիտի դներ այն իր էջում։ Ապա՝ ամեն դեպքում պետք է պարզվի՝ ով, ինչ պայմաններում է նախաքննության գաղտնիք հանդիսացող թուղթը ԱԱԾ-ից դուրս բերել։
