Եզդի երիտասարդը մնացել է առանց հարսնացու
25-ամյա Ֆլիտ Բաբայանը հարսնացու է փնտրում։ Եղեգնուտ համայնքում բնակվող՝ ազգությամբ եզդի այս երիտասարդի համար գյուղում հարսնացու գտնելը, պարզվում է, խնդիր է, քանի որ ոչ միայն պետք է առաջնորդվի ստի թելադրանքով՝ այլեւ տոհմական օրենքներով։ Նա Եղեգնուտի՝ փիր կաստային պատկանող միակ ընտանիքի որդին է, իսկ եզդիական օրենքների համաձայն՝ նրա հարսնացուն էլ պետք է լինի այդ խմբից։
Եզդիները բաժանվում են 3 հիմնական խմբերի՝ շեխ, փիր, մրիդ : Շեխերն ու փիրերը համարվում են հոգևոր դասի ներկայացուցիչներ, իսկ մրիդները՝ աշխարհիկ: Տարբեր կաստաների միջև ամուսնությունները թույլատրելի չեն: Այս կանոնը եզդիները չեն խախտում:
Եղեգնուտ համայնքում բնակվում են 663 եզդի․ մեծամասնություն են կազմում մրիդները, իսկ փիր կաստային պատկանում է Ֆլիտենց ընտանիքը։
«Տարիքով փոքր են մեր տոհմի աղջիկները, իսկ եզդիներն արդեն առաջադիմել են, փոքր չեն ամուսնացնում»,- ասում է Ֆլիտը։
Օրենսդրական խստացումներն են պատճառը, թե մտածելակերպի փոփոխությունը, բայց եզդի աղջիկների շրջանում 14-16 տարեկան հասակում ամուսնությունները նվազել են։
Կարծրատիպերն են փոխվում, – ասում է համայնքի ներկայացուցիչներից Սուսեն։ Ինքը ամուսնացել է 19 տարեկանում, իսկ տեգոր կինը՝ 24, ծիծաղում է․ «Տունն էր մնացել էնի»։ Սուսեն, որը երեք որդի ունի, խիստ է վերաբերվում աղջիկների վաղ ամուսնությանը․
«Եթե ունենայի, երեւի ընդհանրապես չամուսնացնեի»,- ասում է նա՝ անկեղծանալով՝ ինչպես ինքն է ապրել, չէր ուզենա, որ իր աղջիկն էլ իր նման ապրեր։
Սուսեենց տասը հոգանոց ընտանիքը հիմնականում անասնապահությամբ է զբաղվում․ 400 գլուխ ոչխար ունեն, պատրաստվում են սար բարձրանալու։ Մեր այցելության պահին հակի թելով հյուսեր էին անում, որ սարում, ինչպես նա է ասում՝ «պալատկեն ամուր լինի»։
Նշում է՝ այս տարի հարեւան հայերի հետ են սար բարձրանալու․ «Ինքը առաջին անգամ է անասուն առել, ասում ա՝ եկեք մեր կողքը, որ տեսնենք, թե ոնց եք պահում, որ մենք էլ սովորենք»։ Չնայած կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին՝ հուսով է՝ եկամուտը շատ կլինի․ այս այս տարվա Զատկի գաթայի «Կլոճն» իրենց տան սրբին է բաժին հասել։
Եզդիները պահպանում են իրենց ավանդույթները, բայց նաեւ առիթը բաց չեն թողնում հայ հարեւանների հետ հայկական տոները նշելու։
Եղեգնուտում լավ հարեւան լինելու համար ազգությունը նշանակություն չունի։ Միասին ուրախանում են, միասին տխրում։
20 տարի է անցել, բայց տիկին Գոհարը չի կարողանում մոռանալ իր վաղամեռիկ եզդի հարեւանուհուն։
Ասում է՝ 20 տարի առաջ ինքը եւ հարեւանուհի Փորսորը նույն օրն են ունեցել իրենց երեխաներին, ցավոք հարեւանուհին մահացել է ծննդաբերությունից հետո եւ ինքը 1 տարի 2 ամիս խնամել է նրա դստերը
« Փորսորը տանը ունեցավ իր 10-րդ երեխային, դժվար օրեր էին, ամուսինս ասաց՝ բերեք Գոհարի մոտ, թող խնամի։ Մարտ ամիսն էր, շատ ցուրտ էր ։ Երեխային բերեցին, որ խնամեմ, իրեն էլ տարան հիվանդանոց։ Այդ գիշեր երկու երեխային պահեցի։ Լույսը բացվեց, սպասում էի, հետո լուրը եկավ, որ մահացել է»,- տխրում է նա։
«Կարծես կեսս չկար, շատ մտերիմ էինք։ Երեխային պահեցինք, ոնց իմ երեխային, ուզում էինք նույնիսկ որդեգրել»,- հիշում է նա։
Հայ Աբրահամն ու եզդի Ալինան արդեն 20 տարեկան են, բայց Եղեգնուտում տարբեր առիթներով պատմում են այս մասին՝ որպես հայ եւ եզդի ազգությունների բարեկամության ապացույց։
Եղեգնուտը մոտ 2053 բնակիչ ունի։ Այստեղ կորոնավիրոսով վարակվածության դեպք առայժմ չի արձանագրվել։
