Սերգեյ Ղահրամանյան. Ի՞նչ պետք է անեն իշխանությունները, բացի՝ ցավակցություն հայտնելուց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արարատի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

 

 

Ինչպիսի արձագանք պետք է լիներ ղեկավարության կողմից և ինչպիսինն է այն՝

Իշխանության մաս կազմողները մեկը մյուսին հերթ չտալով միայն ցավակցություներ են հայտնում զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին, իսկ ինչպիսին պետք է լիներ իրականում՝

-լիարժեք նոր և ամենաբարձր մակարդակի կառույցի ստեղծում, որը ամբողջ ՀՀ-ում կկառուցի նոր երթևեկություն ամբողջ ՀՀ-ում, ում որոշումը կլինի Սահմանադրության նման բարձր և պարտադիր, թե չէ ամեն մի մարզ ու գյուղ իրա սեփական օրենքներն ունեն

-ֆինանսական և օրենսդրական լուրջ ռեսուրսների տրամադրում ուժային կառույցներին,

-բալային համակարգի 24 ժամյա ընթացակարգով ԱԺ-ում անցկացում,

-երթևեկության վերահսկողական նոր և ժամանակակից ներդրում, մի ամսվա ընթացքում

-ոստիկանության կողմից 0 հանդուրժողականություն նվազագույն խախտումներին՝ նորից եմ կրկնում նոր ռեսուրսերի ավելացման հետ միաժամանակ, ներկա ռեսուրսներով այսքան է իրականությունը

-տրանսպորտային համակարգի մանրազնին ուսումնասիրություն և բարեփոխումներ 1-2 ամիսների ընթացքում

-լուրջ մեխանիզմեր մշակել, որպեսզի ՀՀ ներկրվի էժան վառելիք՝ բենզին, դիզել ԿԱՄ ամենաբարձր մակարդակի բերվի գազաբալոնային համակարգի հետ առնչվող ցանկացած գործողություն և վերահսկողությունը հատկապես հանրային տրանսպորտի նկատմամբ:

Ուշ թե շուտ կլինի նման մի կառույց, բայց էլի թղթի վրա ու իրական գործերը թողած ցավակցություններ հայտնելով են զբաղվելու, ամենամտահոգները այնտեղ ներգրաված չեն լինելու, լինելուց էլ ասելու են- էսքան ռեսուրս ա դե արեք, տեսնենք ոնց եք անելու:

էսքանը մի 2 ամսվա գործ ա… բայց դե կենացներից շատ առաջ չենք կարող գնալ:

Իմիջիայլոց մարդկանց կյանքեր փրկել թանկ գործ է, բայց ամեն տարի մարդկային կյանքեր կորցնելով պետությունը կորցնում է միլիոնավոր դոլարներ՝ դրանք այն ամենն են ինչը կլինեին այդ մարդկանց կենդանության օրոք որպես հարկեր և տուրքեր»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com -ը, այսօր դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի 2304 Լ համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 6 մոխրացած դի։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանն ու հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։

Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )