Հերպեսի վիրուսը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների առաջացման պատճառ. գիտնականներ
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ հերպեսի վիրուսը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության ախտանշանների ի հայտ գալու պատճառ։ Մասնագետները նման եզրահանգման են եկել լայնամասշտաբ հետազոտության արդյունքում, որի ընթացքում կիրառվել է մարդկային գլխուղեղի եռաչափ մոդել։
Ինչպես գրում է actualnews.org կայքը, գիտական աշխատանքի արդյունքում մասնագետները հաստատել են, որ հերպեսի և Ալցհեյմերի հիվանդության միջև կա կապ։ Հատուկ ծրագրի միջոցով գիտնականները վերստեղծել են հերպեսի վիրուսի մոդելն ու տեղադրել այն նույն կերպ ստեղծված գլխուղեղի մեջ։ Արդյունքում պարզվել է, որ վիրուսի ազդեցության տակ գլխուղեղի նեյրոններն աստիճանաբար դեգրադացվում էին և կորցնում էին իրենց ակտիվությունը։
Այժմ գիտնականները ենթադրում են, որ հերպեսի վիրուսը կարող է իրականում չլինել Ալցհեյմերի հիվանդության հարուցիչը, սակայն այն վստահաբար խթանում է գլխուղեղը՝ հանգեցնելով որոշակի խանգարումների, այդ թվում նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման։ Ընդ որում՝ նշվում է, որ նեյրոնների ակտիվության հետ կապված խնդիրների առաջացման պատճառ հանդիսացող ախտածին տարրեր կարող են լինել անգամ բակտերիաները, որոնք գտնվում են մարդու բերանի խոռոչում։
Մասնագետներն ընդգծում են, որ մարդու գլխուղեղի հյուսվածքները գերզգայուն են բոլոր հարուցիչների նկատմամբ, սակայն վիրուսների նկատմամբ դրանք էլ ավելի զգայուն են։ Միևնույն ժամանակ հայտնի է, որ հերպեսի վիրուսը կա մոլորակի բնակչության շուրջ 90%-ի օրգանիզմում՝ չնայած այն բանին, որ մեծ մասամբ այն չի դրսևորվում վառ արտահայտված ախտանշաններով։
