2015-ի եւ 2020-ի <<ոչ>>-ն ու <<այո>>-ն․ առջեւում նոր հանրաքվե է
Ազգային ժողովը նախօրեին 88 կողմ, 15 դեմ ձայնով ընդունեց Սահմանադրության փոփոխությունը հանրաքվեի դնելու ԱԺ որոշման նախագիծը: Այս հանրաքվեի միջոցով Սահմանադրության միայն 213-րդ հոդվածն է փոխվելու՝ անցումային դրույթներից, որը նախատեսում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ մյուս անդամների լիազորությունների վաղաժամ դադարում:
Վերջին անգամ հանրաքվե Հայաստանում տեղի է ունեցել 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք։ 2015-ին նախ Ազգային ժողովը տվել է իր համաձայնությունը, որ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը դրվի հանրաքվեի, կողմ է քվեարկել 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր։ Այնուհետեւ ձեւավորվել է «Ոչ»-ի ճակատը, «Չեք անցկացնի» եւ մի շարք այլ նախաձեռնություններ։ Տեղի ունեցան միտինգներ, ակցիաներ, անգամ՝ բախումներ ոստիկանների հետ։ Իսկ 2015-ի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որի արդյունքներով 825 հազար 851 ընտրող «այո» ասաց սահմանադրական փոփոխություններին, 421 600-ը՝ «ոչ»։
2015-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ձևավորել էր սահմանադրական բարեփոխումների քարոզչական հանձնախումբ եւ ակտիվորեն պայքարում էր, որ հանրությունն «այո» ասի պառլամենտական փոփոխություններին։ Մենք հետաքրքրվեցինք՝ 2020-ի փոփոխություններին ՀՅԴ-ն ասելու է «այո՞», թե՞ «ոչ»։ ՀՅԴ անդամ, նախկին պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը պատասխանեց․ «Դուք էստեղ սահմանադրական փոփոխություն եք տեսնո՞ւմ, մեկ անձի պաշտոնազուրկ անելու առաջարկ է։ Էստեղ սահմանադրական փոփոխությունների մասին խոսք գնալ չի կարող։ Հստակ հնչում է՝ կոնկրետ մարդկանց խմբին ազատել աշխատանքից, եւ այդ հարցի համար հանրաքեն՝ աբսուրդի ժանրից է։ Եթե իր նպատակն այդ մարդկանցից ազատվելն է․․․երեւի ելքերից մեկը սա էր։ Պետք է հստակեցնել՝ իրենց նպատակը ո՞րն է։ Իրենց նպատակը փաստորեն մարդկանց պաշտոնից ազատելն է»։
Հարցին՝ ի՞նչ մեթոդներով պետք է պայքարել այդ փոփոխության դեմ, նշեց, որ չգիտի՝ ինչպես կմասնակցեն, բայց իր «ոչ»-ը հստակ է․ «Առայժմ բերեք հասկանանք՝ ինչ ընթացք կլինի, մեթոդները հաստատ կլինեն։ Աստված մի արասցե, որ արվի։ Մենք երկիրը բերել ենք կանգնեցրել ենք եզրին, որ արդեն ունենք միակուսակցական կառավարում, միանձնյա ղեկավարության փաստի առաջ ենք կանգնելու, եւ դա բոլոր ոլորտներում անվտանգության լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Էս իշխանությունը հոկտեմբերի 2-ին ասաց՝ մենք ամեն ինչ ուզում ենք անել, բայց Ազգային ժողովը խանգարում է, հետո ասեց, որ մենք ուզում ենք ամեն ինչ անել, նոր ընտրություններ են պետք, մենք ամեն ինչ ուզում ենք անել, բայց կառավարությունը պետք է մերը լինի։ Հիմա մենք ամեն ինչ ուզում ենք անել, բայց Հրայր Թովմասյանը խանգարում է, իշխանությունը միայն դա է ասում։ Եթե ստացվի էլ՝ ոչինչ չի փոխվելու, փոխվելու է այնքանով, որ ավելի վատ է լինելու, շատ վատ բաներ են լինելու»։
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, որը 5 տարի առաջ միացել էր «ոչ» ասողներին, այսօր կրկին «ոչ»-երի մեջ է։ Մեզ հետ զրույցում նա ասաց՝ այս նոր փոփոխությունը կեղծ օրակարգ է․ «Մենք նաեւ 2005-ին ենք «ոչ» ասել, 2015-ին լուրջ պայքար էր մղվում, հասանք այն բանին, որ հանրությունը մերժեց։ Հիմա այս փուլում մենք մեր քաղխորհրդում պետք է հավաքվենք, հասկանանք՝ ինչ անել, ոնց անել։ Հնարավոր է, որ էն, ինչը Նիկոլ Փաշինյանը 15 թվին ասեց՝ «կեղծ օրակարգ է», մեզ համար դառնա կեղծ օրակարգ»։ Ըստ Մակեյանի՝ Հայաստանում շատ կառույցներ կան, որոնք Նոր Հայաստանի հետ առնչություն չունեն, եւ հարց է բարձրացնում՝ յուրաքանչյուր դեպքում պետք է հանրաքվե՞ անցկացվի․ «Կարծում եմ՝ մի խնդրով հանրությանը զբաղեցնել, հանրաքվե անել մի օրակարգով, դա խայտառակություն է։ Իմ անձնական կարծիքն է՝ դա կեղծ օրակարգ է դառնում։ Մեր պատկերացումն այն է, որ նախկին համակարգին սպասարկող կառույցները եղել են այդ կրիմինալ համակարգի ներկայացուցիչները եւ եթե հանցագործներ են, ապա պետք է պատասխանատվության ենթարկելու քրեական հոդվածներ գտնեն, ոչ թե հանրաքվեով ժողովրդի «այո»-ն ու «ոչ»-ն ընտրեն։ Պետք չէ ժողովրդին ներքաշել, այս ամբողջ շոուն սարքել»։
Ի դեպ, նշենք, որ Ֆեյսբուքում արդեն դե ֆակտո քարոզարշավ է սկսվել «քայլածների» կողմից։ Հիմնականում պաշտոնյաներն իրենց գլխավոր լուսանկարը տեղադրում են՝ «Այո, հանրաքվեին» գրությամբ։ Սրան զուգահեռ «ոչ»-ի կողմնակիցները եւս ակտիվ աշխատում են ՖԲ-ում։ Ստեղծվել է «Ասենք՝ ոչ» նախաձեռնությունը, նշված էջում գրված է․ «Իշխող ուժը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցանկանում է ուզուրպացնել ՍԴ իշխանությունը և Հայաստանում հիմնել մեկ անձի բացարձակ իշխանություն։ Հանուն Հայաստանի Հանրապետության վաղվա օրվա, ԱՍԵՆՔ՝ ՈՉ Փաշինյանի նկրտումներին»։
Նշենք, որ ըստ Սահմանադրության 207-րդ հոդվածի՝ հանրաքվեի դրված ակտն ընդունվում է, եթե դրան կողմ է քվեարկել հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան հանրաքվեներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդը:
ՀՀ-ում, վերջին տվյալներով, քվեարկելու իրավունք ունի 2 մլն 574 հազար 916 մարդ, որի մեկ քառորդը կազմում է 643 հազար 729 ձայն։ Այսինքն, որպեսզի հանրաքվեն ավարտվի ցանկալի ելքով, իշխանություններին հարկավոր է ստանալ մոտ 650 հազար ձայն։
