Ղազարավան գյուղում հրդեհը մոխրակույտի է վերածել գոմն ու թոնրատունը. փրկել են անասուններին
Հունվարի 15-ին` ժամը 20:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում այրվում են անասնագոմի տանիք և անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ըստ Shamshyan.com–ի՝ մինչ կժամանեին Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մի քանի մարտական հաշվարկով, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, նշված գյուղի 5-րդ փողոցի 25 տան բնակիչ՝ 62-ամյա Իվան Հովսեփյանին պատկանող անասնագոմում առաջացած խոշոր հրդեհի միջից դուրս են բերել նրան պատկանող 2 կով, 1 հորթ, 1 խոզ, 15 հավ և 2 հնդկահավ։Արդեն ժամանած հրշեջ-փրկարարները մի քանի ժամ գյուղացիների հետ համատեղ պայքարում էին կրակի տարածման դեմ։ Ամբողջությամբ այրվել է անասնագոմը, այնտեղ եղած մոտ 300 հակ անասնակերը, թոնրատունը և թոնրատան մեջ պահեստավորված վառելափայտը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:35-ին:
