Ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը հանդուրժի ներթիմային <<վայրիվերումները>>

Որեւէ մեկի համար գաղտնիք չենք բացի, եթե ասենք, որ իշխող թիմում ամենից փորձառու քաղաքական գործիչը հենց Նիկոլ Փաշինյանն է, եւ սրանով է պայմանավորված նաեւ, որ գործող իշխանությունն ունի մեկ անձի շուրջ պտտվող համակարգի բնույթ։ Սա բավական վատ է ոչ միայն երկրի քաղաքական համակարգի, այլ նաեւ՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Այո, հենց Նիկոլ Փաշինյանի համար, որովհետեւ ինքն իրենով այժմ ծածկել է բոլորին եւ թիմի ներսում առաջացած խնդիրները նաեւ պրոյեկտվում են հենց իր ու իր հեղինակության վրա։ Օրինակ, ինչու պետք է Նիկոլ Փաշինյանը պատասխան տա պատգամավոր Կարեն Սարուխանյանի անզգույշ եւ կոշտ արտահայտությունների համար, որոնք կարող են սոսկ կին քաղաքական գործչի հանդեպ կին լինելու հանգամանքով պայմանավորված խտրական մոտեցման տեսանկյունից մեկնաբանվել իրավական տեսակետից։ Բնականորեն հարց է առաջանում, իսկ արդյոք Փաշինյանն ուզում է երեք տասնամյակ շարունակ իր քաղաքական գործունեությամբ, բանտարկությամբ, ընդհատակով եւ այլ դրվագներով ձեռք բերած հեղինակությունը, վստահությունը, որ կա ժողովրդի մոտ եւ որը արտահայտվեց իշխանափոխությամբ, զուգորդված նախկինների հանդեպ հակակրանքի հետ, «վճարել» ներթիմային սպրդումների համար։ Կամ ինչու պետք է «վճարի»։ Չէ որ հաջորդ ընտրությունները լինելու են, ու ամեն մի դրվագ իջեցնելու է թիմի ու նաեւ՝ իր վարկանիշը։ Այս դեպքում նաեւ երկրորդ հարցը կա, իսկ որն է ելքը։ Ելքը թերեւս կերեւա արդեն այս տարվա փետրվարին, երբ սկսվեց սահմանադրական փոփոխությունների հետ կապված քննարկումները։ Ապավինել իր անձնական վարկանիշին, սահմանադրական փոփոխություններով երկիրը վերադարձնել գոնե կիսանախագահական համակարգին եւ ընտրվել նախագահ։Իսկ թիմում արդեն ինչպես ով ոնց կուզեի։ Սա նաեւ լավ լակմուս կլինի, հասկանալու համար, թե ով է մանդատ ստացել Փաշինյանական ողորմածությամբ, եւ ով իր հանրային գործունեությամբ վաստակած հեղինակությամբ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )