Թեկուզ որոշակի խնդիրներով, բայց այդ հաստատությունները փրկօղակ են եղել շատ երեխաների համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Մայր Աթոռ.
երեկ, որ Գյումրիում հայտարարեցիք, թե «Թռչունյան տուն»-ը մասնավոր է, որեւէ պարտավորություն չունեք, բայց երեխաները պետությանն են, եւ շատ արագ կկազմակերպեք նրանց տեղափոխումը Գյումրու թիվ 2 գիշերօթիկ, մի պահ գուցե մտածեք, էլի, բա աշխատակիցները պետությանը չե՞ն: 40-ից ավել գործազուրկները Ձեր ասած պետության հետ ոչ մի կապ չունե՞ն: Ուրիշ երկրի քաղաքացինե՞ր են, բիզնեսմեններ ու պատգամավորնե՞ր են, պարգեւավճարներ ստացողնե՞ր են: Լավ, ըստ Ձեզ, ովքե՞ր են այդ մարդիկ:
6 ամսում որեւէ անգամ նրանց ճակատագրով չհետաքրքրված հարգելի պաշտոնյաներ, Դուք նաեւ երեխաների մասին չեք մտածում: Ընդամենը մի կերպ գլուխներդ ազատելու համար տեղավորում եք մի հաստատությունում, որը մի քանի ամիս հետո փակվելու է: Ովքեր ներկա էին երեկվա հանդիպմանը, կարծում եմ չեն կարողանալու մոռանալ այն երեխաների լացը, սթրեսն ու խուճապը, որոնք համարվում են ռիսկային խմբի ներկայացուցիչներ: Շատ էլ որ ծնող կամ ծնողներ ունեն: Դուք տեղյակ չեք, հարցրեք առավել իրազեկ մարդկանց, եւ կիմանաք, որ հենց այդ երեխաներին զոռով ու զոռբայությամբ տուն ուղարկելով, նրանց կյանքն եք վտանգում՝ բառի ուղիղ, գործնական իմաստով: Մեկիդ մտքով չանցավ, ենթադրենք, 13-14 տարեկան լացող տղային մոտենալ, հարցնել, թե ինչու՞ է լացում: Երեխան էլ Ձեզ կբացատրեր գուցե, թե ինչի համար է փաթաթվել իր մանկավարժներից մեկին ու չի կարողանում հանգստանալ: Չարեցիք, որովհետեւ Ձեզ պետք չէր, դա Ձեր պարտավորությունների մեջ չէր մտնում: Հետո էլ երեխաները հո պետական կառույցի երեխաները չէին: Եկել էիք, լավություն էիք անում, մի բան էլ իրենք պետք է շնորհակալ լինեին: Ես երբեք երեխաներին նսեմացնող նման կեցվածք չէի տեսել: Տպավորություն էր, որ արկղ եք տեղափոխում: Մի քիչ սրտով մտածեք, խնայողություն անելու մոլուցքից սթափվեք, նոր երեխաների մասով որոշումներ կայացրեք: Հիմնավոր որոշումներ, ոչ թե ժամանակավոր: Թե չէ ստացվում է ժամանակից սերիալների նման: Սկսում են նկարահանումը, հետո՝ ինչպես ստացվի, օրը գիտե:
Եվ սա միայն «Թռչունյան տան» խնդիրը չէ: Փակվող գիշերօթիկների վտանգը կարճ ժամանակամիջոցում զգալու ենք բոլորս, երբ հանրակրթությունից դուրս մնացողների բանակը կմեծանա, մանկահասակ մարմնավաճառների թիվը կավելանա, անչափահաս հանցագործները մեր երեխաներին կներգրավեն իրենց գործողությունների մեջ, երբ նույն գիշերօթիկներում խնամված, հետո խորքային ուսումնասիրության ենթարկված ընտանիք վերադարձված փոքրիկ մուրացիկները ձեռքերը մեզ կմեկնեն փողոցում: Հատկապես Գյումրին այս փորձությունն անցել ու տեւական ժամանակ հաղթահարել էր: Թեկուզ որոշակի խնդիրներով, բայց այդ հաստատությունները փրկօղակ են եղել շատ երեխաների համար:Արմենուհի Մինասյանի ֆեսբուքյան էջից։
