<<Ամբիոն>>լրատվականի համար անընդունելի է կին պատգամավորի հանդեպ նման վերաբերմունքը
«
Ամբիոն» լրատվական գտնում է, որ ԱԺ իմքայլական պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ իր թիմակից կին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հասցեին թույլ տրված բավական կոշտ արտահայտությունները անտեղի են, դատապարտելի եւ տղամարդուն պատիվ չբերող։ Դեռեւս չխորանալով այն հարցի մեջ, որ առհասարակ քաղաքական էթիկայի սահմանները հատում է թիմակցին վիրավորելը, արձանագրում ենք, որ զուտ մարդկային առումով տղամարդուն պատիվ չի բերում կնոջ հանդեպ նման հայտարարությունները, մասնավորապես նրա ընտանեկան-ամուսնական կարգավիճակին առնչվող հարցը խառնելը քաղաքական դիսկուրսի հետ։ Որեւէ մեկը չի ասում, թե քննադատել պետք չէ․ քննադատության եւ բազմակարծության, երբեմն նաեւ հակադիր կարծիքների բախման արդյունքում է բացվում ճշմարտությունը, սակայն չի կարելի մոռանալ պատշաճության կանոնները, որոնց անփոփոխելի են անկախ քաղաքական իրադրությունից։ Նույն հաջողությամբ կարելի է ֆիքսել, որ հազարավոր գյումրեցիների համար, վերջին շրջանում պատգամավոր Կարեն Սարուխանյանի պահվածքը հաշվի առնելով, պատգամավոր Սարուխանյանը կարող է ընկալվել սովորական շարքային գործ տվողի կարգավիճակում, նույնիսկ ավելի վատ իմաստով, քան դա ակնարկվում է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ եթե Փաշինյանի ակնարկների դեպքում դա քաղաքացիական պարտքի հետ կարելի է նույնացնել, ապա Կարեն Սարուխանյանի դեպքում, խոսքը պարզապես «շեֆին դուր գալու» համար անիմաստ «այլոց բոստան բոչկա գլորելու գործտվողության» մասին է։ Ամեն դեպքում ճիշտ է, որ իշխող խմբակցությունը քննարկի պատահածը անձամբ Փաշինյանի գլխավորությամբ, հատկապես, որ պատգամավորական մանդատը Սոֆյա Հովսեփյանին վստահվել է ժողովրդի կողմից, եւ ոչ Փաշինյանի կողմից ողորմածաբար շնորհվել եւ վիրավորանքը պրոյեկտվում է նաեւ Սոֆյա Հովսեփյանի ընտրողների վրա։ Առհասարակ պետք է նաեւ արձանագրենք, որ Հայաստանում գործում է կնոջ եւ տղամարդու լիակատար իրավահավասարություն եւ Կարեն Սարուխանյանի արտահայտությունները կարող են ընկալվել Սոֆյա Հովսեփյանի որպես կին լինելու հիմքով խտրական վերաբերմունքի արտահայտություն, ինչը խախտում է նաեւ միջազգային իրավունքը եւ հավելյալ պատասխանատվություն դնում իշխող թիմի եւ նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի վրա։
