Առողջապահության նախարարը պարտավոր է պահպանել կոռեկտություն ԶԼՄ-ների հանդեպ

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում անդրադարձել է հունվարի 6-ին ArmNews հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Առողջապահություն 2019» տեսանյութին՝ ներկայացրած փաստերին հակադարձելով թեմայի հետ որևէ առնչություն չունեցող շահարկումներով:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Առողջապահության նախարարին մնալ քաղաքական ու մասնագիտական կոռեկտության սահմաններում և զերծ մնալ լրատվամիջոցների հետ հոխորտանքների լեզվով շփվելու գործելաոճից: ՀՀ օրենսդրության համապատասխան՝ հրապարակված տեղեկատվության կամ կարծիքի մասով, պետական պաշտոնյան կարող է լրատվամիջոցներից հերքում պահանջել կամ հրապարակված նյութի վերաբերյալ սեփական տեսակետը ներկայացնել:
Արդյունքի չհասնելու դեպքում, նախարարը կարող է դատական ճանապարհով հերքում պահանջել: Մինչդեռ, նախարար Թորոսյանն ընտրել է լրատվամիջոցների հետ հարաբերվելու անընդունելի գործելաոճ, ըստ էության, փորձելով լրատվամիջոցի հնչեցրած փաստական տվյալներից և տեսակետներից հանրային ուշադրությունը շեղել թեմայի հետ որևէ առնչություն չունեցող խոսակցությունների դաշտ: Եթե Առողջապահության նախարարը լրատվամիջոցի ներկայացրած փաստական տվյալների մասին ասելիք չունի, ապա կարող է առանց վարանելու հայտարարել, որ ստիպված է շեղել հանրային ուշադրությունը, որովհետև հերքելու կամ հակադարձելու նյութ ուղղակի չունի կամ չի տիրապետում իրավիճակին:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև կոչ է անում ArmNews հեռուստաընկերությանը չտրվել նախարար Թորոսյանի թեմայի հետ կապ չունեցող սադրանքներին և շարունակել հանրային կարևորություն ունեցող հարցերի լուսաբանումը`պահպանելով բազմակողմանիության և անաչառության սկզբունքը: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, օգտագործելով ՀՀ օրենսդրությունից և ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորվածություններից բխող ողջ գործիքակազմը, պաշտպանելու է Հայաստանում լրատվամիջոցների ազատ, անխափան և անկաշկանդ գործելու իրավունքը: Հետևելով դեպքերի զարգացմանը` անհրաժեշտության դեպքում «Մեդիա պաշտպանը» կդիմի նաև միջազգային լրատվական համայնքին և շահագրգիռ միջազգային կառույցներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )