35 հոգի զոհվել է հրմշտոցից` գեներալ Սուլեյմանիի հուղարկավորության ժամանակ

Հունվարի 3-ի լուսաբացին ամերիկյան զինուժի հրթիռային հարվածներից զոհված Իրանի հանրապետության Կոդս կորպուսի ջոկատայինների հրամանատար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ( սպանվել էր նաև իրաքյան շիական աշխարհազորի ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսին) այսօր իրանական Կերման քաղաքում տեղի ունեցած հուղարկավորության ժամանակ 35 հոգի է զոհվել մարդկային հրմշտոցի ժամանակ։ Նվազագույնը 48 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ։ Այս մասին հաղորդել է Իրանի Իսլամական հանրապետության հեռուստատեսությունը։
Առայժմ չի հաղորդվում այն մարդկանց թիվը, ովքեր դուրս էին եկել փողոց՝ մասնակցելու լեգենդար գեներալի հուղարկավորությանը։ Այդուհանդերձ, Associated Press-ի հաղորդմամբ՝ նախօրեին Թեհրանում նրան վերջին հրաժեշտը տալու էր դուրս եկել մեկ միլիոնից ավելի իրանցի։
Հիշեցնենք, որ իրանցի գեներալի ոչնչացման օպերացիան Իրաքում իրականացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով։
Կոդսի նոր հրամանատար, գեներալ մայոր Հուսեյն Սալամին ելույթ ունենալով փողոցներ դուրս եկած իրանցիների առաջ խոստացել է Սուլեյմանիի սպանության համար վառել բոլոր նրանց, ում սիրում է ԱՄՆ-ը։
Իրանի հարավ-արևելքում գտնվող Կերման քաղաք զոհվածների աճյունները տեղափոխվել են երեքշաբթի առավոտյան։ Իրանի մի շարք քաղաքներում մինչ այս անցկացվել են սգո արարողություններ։
ԱՄՆ նախագահ Թրամփը նախօրեին հերթական անգամ խոստացել է լուրջ հատուցում, եթե Թեհրանը Սուլեյմանի համար վրեժխնդիր լինելու նպատակով հարձակումների անցնի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )