Քաղաքական հրամանի տրամաբանության մեջ գործողություն է․ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի առանձնատան խուզարկության մասին
Այստեղ իրավաբանություն մի փնտրեք, բացառապես քաղաքական պատվերի, քաղաքական հանձնարարականի, քաղաքական հրամանի տրամաբանության մեջ գործողություն է․ Սամվել Կարապետյանի առանձնատանն ընթացող խուզարկության մասին խոսելով՝ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Սա նոր չէ, ի վերջո Սամվել Կարապետյանը մինչ օրս տնային կալանքի պայմաններում է գտնվում, իսկ նախքան այդ 7 ամիս ԱԱԾ մեկուսարանում էր, որովհետև ասել էր՝ «Մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը»,-ասել է Վարդևանյանը։
Տեղի ունեցողը նա դիտարկում է Ադրբեջանի պահանջով ՀՀ-ում նոր Սահմանադրություն ընդունելու համատեքստում։
«Նոր Սահմանադրության հետ կապված հարցերում երևի պետք է դիմակավորված ԱԱԾ-ականներ լինեն, երբ ասում եք Սահմանադրության փոփոխություն առաջինը չե՞ք պատկերացնում խուզարկություն՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդի բնակության վայրում՝ բազմաթիվ ԱԱԾ ծառայողների մասնակցությամբ»,-հեգնեց Վարդևանյանը։
Նա նշեց, որ իրականում Սահմանադրական փոփոխության օրակարգ չկա, կա արտաքին ուժի միջամտություն ՀՀ ներքին գործերին։
