Քաղաքացու տան բակում հայտնաբերվել է կարմիրգրքյան 2 բեզոարյան այծ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է, որ ՆԳՆ ոստիկանությունից հոկտեմբերի 15-ին տեղեկատվություն է ստացել Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում ապօրինի պահվող բեզոարյան այծերի վերաբերյալ։
Տեսչական մարմնի կողմից հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ծաղկունք գյուղի բնակիչ Բ․Ս․-ն իր տան բակի փակ շինությունում պահում է Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի՝ մոտ 4–5 ամսական երկու առանձնյակ։ Վերջիններիս, ըստ քաղաքացու ներկայացրած տեղեկությունների, իրեն են փոխանցել որպես նվեր։
Հոկտեմբերի 15-ին բեզոարյան այծի 1 արու և 1 էգ առանձնյակներն առգրավվել և տեղափոխվել են Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հայ-ռուսական համատեղ փորձարարական կենտրոն՝ կարանտինային գոտում տեղակայելու և հետագա խնամքն ապահովելու նպատակով։
Կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը հաշվարկվել է 3 միլիոն դրամ։
