Հայաստանում Yandex-ի ծառայությունները գրեթե չեն աշխատում․ Ռուսաստանում վնասվել են ընկերության տվյալների կենտրոնները
Ընկերության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հոկտեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը դրոնային հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է Սասովոյի տվյալների կենտրոնը, որի աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է։ Հոկտեմբերի 9-ին վնասվել է նաև Կալուգայի տվյալների կենտրոնի ենթակառուցվածքի մի մասը։
Yandex-ը հայտնել է, որ միջադեպերի հետևանքները գնահատվում են, իսկ տվյալների կենտրոնների սարքավորումների աշխատանքի վերականգնման ժամկետների մասին այս պահին հստակ տեղեկություն չկա։
Տվյալների կենտրոնների խափանումները կարող են ազդել ընկերության տարբեր թվային ծառայությունների աշխատանքի վրա։ Միևնույն ժամանակ, այս պահին չկա պաշտոնական հաստատում, որ Հայաստանում Yandex-ի ծառայությունների լայնածավալ խափանումն ամբողջությամբ պայմանավորված է հենց այդ միջադեպերով։
Ամբիոն Նյուզը կհետևի իրավիճակի զարգացմանը և լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում կանդրադառնա խնդրի պատճառներին ու վերականգնման ժամկետներին։
