«Դու մի կյանք ունես, մի՛ վատնի անեծքի վրա»Պիպոյան
Հրեշտակի թևերը խոնավ էին։
— Մի քանի կիլոմետր ամպի միջով եմ եկել, ոտից գլուխ թրջվել էի։
— Սրբիչ տա՞մ։
— Չէ՛, ոչինչ, կչորանան։
Նստեց աթոռին, թևերը տվեց պատուհանից ներս ընկնող արևին։
— Մի բան կուտե՞ս։
— Ի՞նչ ունես։
— Համով տոլմա կա։
— Չէ՛, մենք միս չենք ուտում։
— Իսկ խավիա՞ր։
— Բադրջանի՞։
— Հա՛։
— Կուտեմ, շատ եմ սիրում խավիար։
Խոհանոցից հաց, կարագ, խավիար, գդալ, աղ բերեցի, դրեցի սեղանին։ Խավիարի բանկան ձեռքն առավ, նայեց պիտակին։
— Սա շատ համով ա, կերել եմ սրանից։
Պտտեց բացեց կափարիչը, թեյի գդալը խրեց մեջը։
— Երեկ վերևում քո մասին էինք խոսում։
Գդալով խավիարի հաստ շերտ քսեց հացին։ Աղ արեց։
— Մի՛ զարմացի, — մեղավոր ժպտաց, — ես էլ եմ աղ սիրում։ Էս խավիարի աղը ինձ երբեք չի հերիքում։ Պատկերացնում ե՞ս, վերևում մի պտղունց չես ճարի՝ չկա՛. կարոտ ենք մնում։
Սկսեց անշտապ ծամել. ծամելիս ձեռքերով թեթև շարժումներ էր անում, ասես միտքն էր ձևակերպում։ Վերջապես կուլ տվեց։
— Գիտե՞ս, դու շատ ես չարացած աշխարհի վրա։ Ո՜նց կարելի ա էդքան մեղադրել, փնովել, անիծել։ Մարդը թույլ արարած ա՝ ամեն րոպե մահն աչքի առաջ, անգամ իր վաղվա օրը չգիտի։ Իսկ դու չարանում ես, ամեն ինչում մեղադրում։
— Բայց մեղավոր են, չէ՞։ Ավելի շուտ՝ մեղավոր ենք։ Էս ի՞նչ դժոխք ենք դարձրել մեր աշխարհը։
Մի գդալ խավիար էլ քսեց հացին, ծամեց, կուլ տվեց։
— Հա՛, մեղավոր եք, դուք դեռ չծնված եք մեղավոր, որովհետև թույլ եք ծնվում, դուք մեղավոր չլինելու ուժ չունեք, ձեր բնազդները ձեզնից ուժեղ են։ Բա կարելի ա՞ մեղադրել մեկին, որն ապրում ա իր կարեցած ձևով։ Դու մարդու՛ն չես մեղադրում, կյա՛նքն ես մեղադրում։
Լռեցինք։ Երկուսս էլ մտքերի մեջ ընկանք։ Ես նայում էի, թե ինչ ախորժակով ա ուտում խավիարն ու ուրախանում էի։ Երևի վերևում անհամ բաներ են ուտում։ Հետո հարցրի.
— Ինձ պատժելու ե՞ն դրա համար։
— Ո՞վ… Քեզնից ավելի շատ ո՞վ կարող ա քեզ պատժել։ Քո կյանքն արագ անցնում ա քո ստեղծած դժոխքում։ Մի օր հետ կնայես ու կտեսնես, որ անեծքից ու չարությունից բացի ուրիշ բան չի եղել քո կյանքում։ Դու տե՞նց ես ուզեցել կյանքդ ապրել, է՞դ ես երազել։
Կուլ տվեց հերթական պատառն ու շարունակեց.
— Բայց մոռանում ես, որ մարդը կարող ա նաև ուժեղ լինի՝ հզոր, անպարտելի։ Ո՞նց ա Ռաֆայելը ստեղծել իր Տիրամորը, ո՞նց ա Բախն արարել իր Մեսսան, Քուչակը ո՞նց ա երկնել՝ ես՝ աչք, ու դու՝ լույս, հոգի՛… Իսկ հիշու՞մ ես՝ Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի չորրորդ մասը, երբ մի ամբողջ ժամ բեմի վրա՝ նվագախմբի հետևում նստած հսկա երգչախումբը մեկ էլ միասին ոտքի ա կանգնում։ Ասես բանակը գրոհի պատրաստվի։ Դու միշտ փշաքաղվում ես էդ տեսարանից։ Էդ լուռ շարժումը պակաս ազդեցիկ չի, քան երաժշտությունը։ Հիմա նրանք միավորելու են իրանց հզոր ձայները ու մաքրելու են օդը ամեն տեսակի չարից, տապալելու են պատերազմը։
— Բայց չեն տապալում, ամեն րոպե մի տեղ պատերազմ ա բռնկվում։
— Տապալում են, ամեն անգամ, երբ նրանք իրանց հզոր ձայներով դղրդացնում են օդը, նրանք մի մեծ պատերազմ են պատառ-պատառ անում ու ոչնչացնում։ Բայց դու որտեղի՞ց իմանաս, չէ՞ որ էդ պատերազմը չի լինում։ Էդ պահին նրանք միլիոնավոր մարդկանց մեղքերը ոչնչացնում են։ Մտածի՛, լա՛վ մտածի, դու մի կյանք ունես, մի՛ վատնի անեծքի վրա։
Ձեռքով թևերը շոյեց ու հավաքեց մեջքին։
— Արդեն չորացա՞ն։
— Հա՛, էս եղանակին շուտ են չորանում։
Ափսոսանքով նայեց խավիարի դատարկ բանկային։
— Լրիվ կերա, քեզ բան չթողեցի։
— Ոչինչ, ես նորը կառնեմ։ Սուրճ կուզե՞ս։
— Չէ՛, ես գնամ, դեռ շատ գործեր ունեմ, պիտի հասցնեմ, որ մինչև մութն ընկնելը վերադառնամ։ Չեմ սիրում գիշերով թափառել սառն ու խոնավ ամպերի մեջ։
