Լոլիկի մեջ քիմիական հոտ․ քաղաքացին ահազանգում է հնարավոր թունաքիմիկատի մասին
Զգոն եղեք
Այսօր լոլիկ էի քերիչով անցկացրել, երբ ահավոր ԴԴՏ-ի (պեստիցիդ է – IUPAC) հոտ խփեց քթիս: Սկզբում կարծեցի՝ թվացել է, բայց մի քանի անգամ հոտոտելուց հետո համոզվեցի, որ հոտն անհավանական ուժեղ է։ Գույնն էլ էր տարօրինակ։
Քանի որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի PR պետն ինձ անհասկանալի պատճառներով հեռացրել է ընկերական ցանկից, պարզապես իմ Ֆեյսբուքյան էջում եմ տեղեկացնում, որ նման երևույթի առաջին անգամ եմ առնչվում։ Լոլիկից նախկինում էլ է ձկան հոտ եկել, եղել է անհամ, բայց նման անտանելի քիմիական դեղի հոտի առաջին անգամ եմ հանդիպում։ Ընդ որում՝ երեք շատ մեծ չափի լոլիկ էինք գնել, ամենամեծից ամենաշատն էր հոտը գալիս։
Համացանցում դիխլոֆոսի հետ կապված տեսանյութը, կարծում եմ, մեր առած լոլիկի հետ կապ չունի, որովհետև դիխլոֆոսի հոտը որոշ ժամանակ անց ցնդում է, իսկ սա, նույնիսկ եռման ջրով մշակելուց և կրկնակի լվանալուց հետո, չանցավ։ Այդ ԴԴՏ-ի հոտը մանկուցս եկած հիշողությամբ անմիջապես ճանաչեցի։
Դա սինթետիկ միջատասպան (պեստիցիդ) է, որը Խորհրդային տարիներին լայնորեն կիրառվել է գյուղատնտեսության և բժշկության մեջ (մալարիան փոխանցող մոծակների դեմ), սակայն հետագայում արգելվել է շրջակա միջավայրում կուտակվելու և կենդանի օրգանիզմների վրա ունեցած թունավոր ազդեցության պատճառով:
Մի խոսքով ամեն ինչ թափեցի, որովհետև տալ լաբորատորիա, կամ ՍԱՏՄ-ին ասելը իզուր բան եմ համարում։
Որպես քաղաքացի և առավել ևս լրագրող վաղուց համակերպվել եմ այն մտքի հետ, որ Հայաստանում ոչ մի ոլորտ չի աշխատում, հատկապես՝ վերահսկողությունը։ Ի դեպ, այս տարի նաև գեթ մեկ հատ համով ծիրան չհանդիպեց. քանի անգամ գնել ենք, բայց այդպես էլ, ոչ մեկը համ չուներ։
Խանութներից գնված մթերքը ռուսական ռուլետկայի է նման՝ կամ բախտդ կբերի ու ուտելի կլինի, կամ աղբանոցը կնետես։
Փոխարենը՝ շատ համով մրգեր ենք կերել ընկերների՝ սեփական այգուց քաղած բերքից։ Ուրեմն, խնդիրը մեծածավալ արտադրողների մեջ է։
Այս խնդիրը տևական ժամանակ է՝ չի լուծվում այն պարզ պատճառով, որ ոչ մեկն իրականում ոչինչ չի անում, իսկ լրատվամիջոցներով եզակի նյութեր տարածելը զուտ փիառ է, ուրիշ ոչինչ։ Հետո կասեն՝ «ընդդիմադիրները կամ դաշնակներն են մուտիտ անում»։
Չէ, չկա տենց բան։ Հայաստանում ոչ մի ընդդիմադիր քաղաքական ուժ չկա՝ ո՛չ պառլամենտում, ո՛չ բանտերում։
Կան ամեն ինչից հոգնած ու զզված քաղաքացիներ, և այս երևույթից բոլորն են տուժում։ Իսկ ո՞վ է մեղավոր՝ արդեն հռետորական հարց է։
Ժողովուրդ, ամեն բան գնելիս, ուտելուց ու խմելուց առաջ հոտոտե՛ք, համը փորձե՛ք. սա արդեն գլոբալ, մասշտաբային երևույթ է։ Ինքներդ ձեր ինտուիցիային, քիմքին, քթին ու բերնի համին լսեք, նոր տվյալ ուտելիքը առեք։
PS. Այս գրառումս հրապարակելուց հետո, մասնագետները հնարավոր համարեցին նկարագրված դեպքի առիթով քլորպիրիֆոսի թունաքիմիկատի առկայությունը, որն ի դեպ նյարդային համակարգն է ախտահարում։
