Փաշինյան․ 2025-ին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվը 8000-ով գերազանցել է հեռացածների թվին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին:

 

Վարչապետը՝ ողջունելով ներկաներին, արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում. 2025 թվականին Հայաստան վերադարձած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։

 

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ մարդիկ վերադառնում են ՀՀ, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում և փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ «Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-2020 թվականների, այսօր հայրենադարձման միտումներն ավելի վստահ են դառնում, այդ թվում՝ խաղաղության օրակարգի և հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետև սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

 

Share This