Մեկնարկել է «Քվանտա» մագիստրոսական ծրագրի ամառային դպրոցը՝ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ
Հունիսի 9-ին մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ամառային դպրոցը։ Մինչև հունիսի 19-ը «Պարկ Ռեզորտ Աղվերան» հյուրանոցային համալիրում հավաքված 24 մասնակիցները կխորանան քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի աշխարհում՝ առաջատար մասնագետների օգնությամբ նախապատրաստվելով սեպտեմբերին մեկնարկող հիմնական ուսումնական գործընթացին։
Միջոցառման բացմանը մասնակիցներին ողջունեց Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը՝ գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի և ողջ թիմի անունից հաջող ուսումնական ընթացք մաղթելով ներկաներին։
Ծրագրի ղեկավար Թագուհի Միրզախանյանը ներկայացրեց ամառային դպրոցի 10-օրյա օրակարգն ու մի շարք կազմակերպչական հարցեր։
Այնուհետև ապագա ուսանողներին ներկայացան այս օրերին դասավանդող չորս մասնագետները՝ պրոֆ. Հայկ Սարգսյանը, պրոֆ. Տիգրան Հակոբյանը, ՖՄԳ թեկնածու Մհեր Մկրտչյանը և ՀՀ ԳԱԱ ՖԿՊԻ գիտքարտուղար Արամ Նահապետյանը, ովքեր ծանոթացրին իրենց դասընթացների առանձնահատկություններին ու սպասվելիք անելիքներին։
Հատկանշական է, որ «Քվանտա» մագիստրոսական ծրագիրը 2022 թվականից ի վեր արդեն տվել է 21 շրջանավարտ, այժմ ուսանում են 6 ուսանող, իսկ 2025 թվականից այն իրականացվում է Երևանի պետական համալսարանի հետ համատեղ։
Ծրագրի ապագա ուսանողները հնարավորություն կունենան իրենց ուսումնառությունն անցկացնել ԵՊՀ-ում՝ հատուկ «Քվանտա» ծրագրի համար կառուցված, արդիական ու տեխնիկապես հագեցած լսարանում։
Հիշեցնենք, որ մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլն արդեն ընթացքի մեջ է, և դիմել կարող են բոլոր ցանկացողները, ովքեր ցանկանում են դառնալ ոլորտի առաջատար մասնագետներից մեկը։
• Փաստաթղթերի ընդունումը ԵՊՀ-ում շարունակվելու է մինչև հունիսի 26-ը։
• Ընդունելության քննությունները կանցկացվեն հուլիսի 1-ին։
Հաջորդը կարող եք լինել դո՛ւք։ Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.ysu.am/faculty/525/educational-program-929
Հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը բոլոր նվիրատուներին, որոնց աջակցության շնորհիվ հնարավոր է դառնում այս կարևոր կրթական ծրագիրը բարձր մակարդակով կյանքի կոչել ու զարգացնել։
