10.500 դոլար և 3 միլիոն դրամ՝ «խախտումները չտեսնելու» համար․ կոռուպցիոն բացահայտում ՊԵԿ համակարգում

Բացահայտված հերթական կոռուպցիոն դեպքը ցույց է տալիս, թե ինչպես կարող է հարկային վերահսկողությունը վերածվել «ծառայության», որը մատուցվում է կաշառքի դիմաց։ Խոսքը վերաբերում է ՊԵԿ համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային տեսուչի պաշտոնը զբաղեցրած անձին, ով տարբեր տնտեսվարողների հետ ձևավորել է հովանավորչական հարաբերություններ։

Պարզվել է, որ պաշտոնատար անձը, իրականացնելով հարկային ստուգումներ, տնտեսվարողներին առաջարկել է ոչ թե օրինական ընթացակարգ, այլ «լուծում»․ խախտումները չարձանագրելու, ստուգումները հօգուտ կազմակերպության ավարտելու և հետագա պատասխանատվությունից խուսափելու դիմաց պահանջվել և ստացվել են խոշոր չափերի կաշառքներ՝ ընդհանուր 10.500 ԱՄՆ դոլար և 3.000.000 ՀՀ դրամ։

Մասնավորապես, մեկ դեպքում տեսուչը հասարակական կազմակերպությունում իրականացվող ստուգումը «փափուկ» անցկացնելու և խախտումները չարձանագրելու համար ընդունել է կաշառքի առաջարկ և դրա մի մասը ստացել փուլային եղանակով։ Մյուս դեպքում արդեն նա նախապես տեղեկացրել է տնտեսվարողին սպասվող ստուգման մասին՝ հնարավորություն տալով վերջինիս պատրաստվել և նվազեցնել ռիսկերը։ Դրան զուգահեռ պահանջվել է հավելյալ վճար՝ ստուգման արդյունքները վերահսկելու և խախտումները «անտեսելու» համար։

Առավել վտանգավոր դրվագներից մեկը վերաբերում է այն իրավիճակին, երբ նույն պաշտոնատար անձը, նույն տնտեսվարողի նկատմամբ, պահանջել է խոշոր գումար՝ ոչ միայն խախտումները չարձանագրելու, այլ նաև ավելի խորքային ստուգում չիրականացնելու և հնարավոր քրեական վարույթի նախաձեռնումը կանխելու համար։ Այսինքն՝ խոսքն արդեն ոչ միայն վարչարարական, այլև քրեական հետապնդումից «ապահովագրելու» մասին է։

Այս կոռուպցիոն դեպքը բացահայտում է համակարգային մի շարք խնդիրներ։ Հարկային տեսուչը, ունենալով լայն լիազորություններ՝ ստուգում նախաձեռնելու, խախտումներ արձանագրելու և նյութեր փոխանցելու համար, փաստացի դառնում է որոշումների կենտրոն, որի գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ բիզնեսի գոյության վրա։ Այդ պայմաններում վերահսկողական գործառույթը վերածվում է բանակցության առարկայի։

Ստեղծվում է փակ շրջան․ տնտեսվարողը հայտնվում է ստուգման տակ, ստանում է ազդակ հնարավոր խախտումների վերաբերյալ, ապա առաջարկվում է «լուծում»՝ վճարի դիմաց։ Արդյունքում, օրենքի կիրառումը դադարում է լինել համընդհանուր և հավասար՝ դառնալով ընտրովի և պայմանական։

Այսպիսի գործելակերպը ոչ միայն խաթարում է հարկային համակարգի արդյունավետությունը, այլ նաև ձևավորում է վտանգավոր միջավայր, որտեղ օրինապահ բիզնեսը կորցնում է մրցակցային հնարավորությունները, իսկ ստվերային հարաբերությունները՝ խրախուսվում։ Փաստորեն պետությունն այս դեպքում ոչ թե վերահսկող է, այլ՝ «միջնորդ» ռիսկերի և դրանց չկիրառման միջև։

AntiCor-ի գնահատմամբ՝ նման դեպքերը վկայում են, որ հարկային վերահսկողության համակարգում անհրաժեշտ է ոչ միայն անհատական պատասխանատվության ապահովում, այլև ինստիտուցիոնալ փոփոխություններ՝ ուղղված լիազորությունների վերահսկելիության բարձրացմանը և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Երբ վերահսկողությունը դառնում է վճարովի ծառայություն, այն այլևս չի ծառայում պետությանը։

Share This