Լոլոների և լուլուների իշխանությունը․ Տիգրան Դումիկյան
Ասում են՝ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։ Սակայն այս պարզ ճշմարտությունը միշտ չէ, որ ամբողջությամբ արտացոլում է իրականությունը։ 2018 թվականին Հայաստանում իշխանության ձեւավորումը և 2021 թվականին դրա վերարտադրումը տեղի է ունեցել բացառիկ՝ էյֆորիկ ու էքստրեմալ պայմաններում։ Այդ փուլերում հանրային տրամադրությունները պայմանավորված էին կտրուկ փոփոխությունների սպասումով, հուզական ալիքով, իսկ հետագայում՝ նաեւ անվտանգային ծանր ճգնաժամով։ Հետևաբար, դժվար է պնդել, թե տեղի ունեցածը դասական, հավասարակշռված և խորապես գիտակցված ընտրություն էր։
Այսօր արդեն ակնհայտ է, որ հասարակությունը հայտնվել է իր իսկ հուզական ընտրությունների հետևանքների առաջ։ Պետական կառավարման որակը, ռազմավարական մտածողության և պատասխանատվության բացակայությունը դարձել են հանրային մտահոգության առանցքային թեմաներ։ Այդ առումով 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունները կարող են դառնալ կարևոր սահմանագիծ՝ իրականն արհեստականից, պատասխանատու կառավարման մոդելը իրավիճակային կառավարման ոճից տարանջատելու առումով։
Շիրակի մարզի համայնքներից մեկում ժամանակին գյուղապետ էր ընտրվել մի անձ, որը, մեղմ ասած, զուրկ էր տարրական գիտելիքներից։ Գյուղի սրամիտներից մեկն այդ ընտրությունը մեկնաբանել էր կատակով՝ «ընտրել են, օր տեսնին՝ գեղապեդարանն առանց գեղապեդի ինչղ կաշխտե»։ Ցավոք, մեր երկրի պարագայում խնդիրը կատակ չէ։ Երբ պետության ղեկը վստահվում է պոռոտախոս, ինքնահավան և պետական շահի խորությունը չընկալող մարդկանց, հետևանքները լինում են ոչ թե զավեշտալի, այլ կործանարար։
Մեր ժողովրդի հանդեպ ամենամեծ անարդարություններից մեկը օրվա իշխանությունների կողմից նրա վստահության ու հավատքի շարունակական չարաշահումն է։ Բայց ժողովրդի արժանապատվության հետ երկար խաղալ հնարավոր չէ։ Նրանք, ովքեր դեռ չեն գիտակցում այս պարզ ճշմարտությունը, թող իմանան՝ հունիսի 7-ին ժողովուրդը քվեարկության տեսքով դատարկելու է իր համբերության բաժակը․․․
Տիգրան Դումիկյան
Քաղաքական վերլուծաբան
