Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օրդու նահանգի Ունյե շրջանի ափին հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, նախնական գնահատմամբ, պատկանում է Ռուսաստանին։ Փետրվարի 10-ին սարքը հայտնաբերվելուց հետո դեպքի վայր է ուղարկվել հատուկ ստորաբաժանում։ Պայթուցիկ չի հայտնաբերվել, իսկ սարքը փոխանցվել է ոստիկանությանը՝ փորձաքննության համար, հայտնում է Ermenihaber.am-ը։

Նախարարությունը նաև անդրադարձել է մամուլում տարածված ռազմական նավերի վաճառքի վերաբերյալ հրապարակումներին։ Նշվել է, որ Կատարում թուրքական և կատարական ընկերությունների միջև ստորագրված փաստաթուղթը փոխըմբռնման հուշագիր է և չի հանդիսանում վերջնական պայմանագիր։

Պաշտոնական աղբյուրը ընդգծել է, որ թուրքական նավաշինարաններում միաժամանակ կառուցվում է 39 նավ, իսկ բոլոր ծրագրերը իրականացվում են պետական մարմինների համակարգմամբ։ Նախարարությունը կոչ է արել չվստահել չստուգված տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական հայտարարություններին

Share This