Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 6-ին։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ժամը 16․30-ի սահմաններում, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Արին Բերդի 5-րդ նրբանցքում քրեական ոստիկանները ձերբակալեցին Աբովյան քաղաքի բնակիչ երկու և Հրազդան քաղաքի բնակիչ մեկ տղամարդու։ Վերջինիս վարած «Լադա-2105» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին վարչություն։
31-ամյա աբովյանցու խուզարկությամբ հայտնաբերվեց տոպրակ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով, որի քաշը կազմեց մեկ կիլոգրամ 96 գրամ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։
