Ամանորի նախաշեմին մարտական դիրքեր այցելելու բարի ավանդույթի հիմքը դրվեց Արցախի զինված ուժերում
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․
«Ամանորի նախաշեմին մարտական դիրքեր այցելելու բարի ավանդույթի հիմքը, հիշում եմ, դրվեց Արցախի զինված ուժերում՝ 2000-ականների սկզբին:
Առաջին անգամ բանակի հրամանատար Սեյրան Օհանյանը 2000թ. դեկտեմբերի 31-ի ուշ երեկոյան այցելեց առաջնագիծ՝ անձամբ շնորհավորելու դիրքապահ անձնակազմի Նոր տարին…
Հաջորդ տարիներին այդ հիրավի գեղեցիկ ու տարողունակ բովանդակությամբ ավանդույթի կրողները դարձան նաև բանակի հրամկազմն ու հանրապետության ռազմաքղաքական ղեկավարության ներկայացուցիչները…
Այո՜, երեկ հաղթանակած բանակի Ամանորը սկսվում էր խրամատից, կողք-կողքի կանգնած էին երկրի նախագահն ու դիրքապահ զինվորը, գեներալն ու շարքայինը…
Այսօր էլ, կարծես, այդ ավանդույթը շարունակվում է, բայց… ավաղ, ոչ նաև այնտեղ, որտեղից սկսվել է…
Այդուհանդերձ, շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ…»։
