Հնդկաստանի հարավում ավտոբուսի հրդեհի պատճառով զոհվել է առնվազն 20 մարդ
Հնդկաստանի հարավային Անդհրա Փրադեշ նահանգում զբոսաշրջիկների ավտոբուսում բռնկված հրդեհի հետեւանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդել է Hindustan Times թերթը։
Դեպքը տեղի է ունեցել, երբ Հայդարաբադից Բանգալոր ուղեւորվող Kaveri Travels ընկերության ավտոբուսը, որի մեջ մոտ 44 ուղեւոր կար, ազգային մայրուղու վրա բախվել է մոտոցիկլի։ «Երկանիվ փոխադրամիջոցը խրվել-մնացել է ավտոբուսի տակ եւ հարվածել վառելիքի բաքին, ինչի հետեւանքով անմիջապես պայթյուն է տեղի ունեցել եւ բոցն արագ տարածվել է ամբողջ ավտոբուսում»,- հայտնել է ոստիկանությունը։
Ուղեւորների մեծ մասը վթարի պահին քնած է եղել։ Ոմանք արթնացել են, կոտրել պատուհանները եւ դուրս թռել, բայց շատերը մնացել են ներսում, քանի որ բոցը մի քանի րոպեում կլանել է ամբողջ ավտոբուսը։ Տեղի բնակիչները շտապել են դեպքի վայր եւ փորձել փրկել զոհերին՝ նախքան հրշեջների ժամանումը։
Ոստիկանությունը սկսել է վթարի հանգամանքների հետաքննությունը՝ ենթադրելով, որ հրդեհի պատճառը կարող էին լինել թոխադրամիջոցների անզգույշ վարումը եւ վառելիքի արտահոսքը։ Տեղեկացվել է, որ ավտոբուսի վարորդները վթարից անմիջապես հետո փախել են դեպքի վայրից։ Նրանց փնտրում են։
