Այն հանգամանքը, որ սպանվածը ընդդիմադիր գործիչ էր, չի կարող անտեսվել. Կոմկուսը՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանության մասին

Հայաստանի Կոմունիստական Կուսակցությունը խստորեն դատապարտում է Փարաքարի համայնքապետ, ընդդիմադիր գործիչ Վոլոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունը։

Կոմկուսի հայտարարության մեջ նաև ասվում է. «Այս ոճրագործությունը ոչ միայն անմարդկային հանցանք է անձանց ու նրանց ընտանիքների դեմ, այլև ծանր հարված ամբողջ հայ հասարակությանն ու ժողովրդավարական ինստիտուտներին։

Անկախությունից ի վեր մեր պետությունը բազմիցս ականատես է եղել քաղաքական սպանությունների և առեղծվածային մահվան դեպքերի։ Մենք չենք կարող չարձանագրել, որ պետական կառույցների հանցավոր անգործությունն ու անպատժելիության մթնոլորտը հնարավորություն են տվել նման դեպքերի կրկնությանը։ Այսօր իշխանություններից պահանջվում են ոչ թե հերթական հայտարարություններ, այլ վճռական և արդյունավետ քայլեր՝ մեղավորներին բացահայտելու և ամենախիստ պատժին ենթարկելու համար։

Այն հանգամանքը, որ սպանվածը ընդդիմադիր գործիչ էր, չի կարող անտեսվել։ Սա իշխանությունների և իրավապահ մարմինների համար կրկնակի պարտավորություն է՝ ապահովելու գործի լիարժեք և թափանցիկ քննություն։

Մենք խորապես ցավակցում ենք Վոլոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին»։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը։  Վերջինս սպանության պահին ծառայության մեջ չի եղել․ նա Վոլոդյա Գրիգորյանի ընկերն է։

Դեպքը տեղի է ունեցել Վոլոդյա Գրիգորյանի հենց տան դիմաց։ Կրակոցների հետևանքով ևս մեկ անձ վիրավորվել է՝ Արծրուն Գալստյանը։

Սպանության վայրում տեսախցիկներ կան, որոնք, Սարգսյանի խոսքով, առգրավվել են։

Դեպքի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (2 դրվագ) (սպանություն), 44-155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության փորձ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում են ապացուցողական և վարութային գործողություններ:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին Գրիգորյանը Փարաքարում որպես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմադիր թեկնածու, ջախջախիչ հաղթանակ տարավ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ։

Share This