Արփինե Սարգսյանի համար 125 հազար դոլարով նոր մեքենա կգնեն
Կառավարության այսօրվա նիստով կհաստավի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի համար նոր ավտոմեքենա ձեռք բերելու նախագիծը: Նշենք, որ Արփինե Սարգսյանը շրջում է նախորդ նախարարներից մնացած Toyota Land Cruiser 200 ամենագնացով, որը բավականին հին է արդեն` ավելի քան տասը տարվա:
Նախագծի հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշված է, որ ՆԳ նախարարին ներկայումս սպասարկող տրանսպորտային միջոցը թողարկվել է 2014 թվականին, տրանսպորտային միջոցի վազքն արդեն գերազանցել է 350․000 կմ-ը, և ներկայումս այն դարձել է սպասարկման համար վտանգավոր և ոչ հուսալի։ Բացի այդ, տրանսպորտային միջոցի մաշվածությամբ պայմանավորված՝ ավելացել են սպասարկող տրանսպորտային միջոցի տարեկան պահպանման ծախսերի համար նախատեսված նորմաները։
Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՆԳ նախարարը միաժամանակ հանդիսանում է Անվտանգության խորհրդի անդամ, վերջինիս անվտանգության նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետում ՀՀ ներքին գործերի նախարարի սպասարկման համար ձեռք բերել նոր տրանսպորտային միջոց»:
Նախագծում նշվում է նաև, որ ՆԳ նախարարի նոր մեքենայի գումարը կառավարությունը կհատկացնի ՆԳ նախարարության շենքային պայմանների բարելավման համար նախատեսված գումարներից, և այն կկազմի 48 մլն 400 հազար դրամ կամ մոտ 125 հազար դոլար:
Նկատենք, որ այս արժեքով կարելի է ձեռք բերել բարձր դասի ամենագնաց, օրինակ` Toyota Land Cruiser 300 կամ Lexus LX:
