Մադոննան կոչ է անում Հռոմի պապ Լեոյին այցելել Գազա, քանի դեռ ուշ չէ

Փոփ թագուհի Մադոննան կոչ է արել Հռոմի պապին այցելել Գազա։

«Սուրբ Հայր, խնդրում եմ այցելեք Գազա և լույս բերեք երեխաներին, քանի դեռ ուշ չէ։ Որպես մայր՝ ես չեմ կարող հանդուրժել նրանց տառապանքները։ Աշխարհի երեխաները պատկանում են մեզ բոլորիս։ Դուք միակն եք, ում մուտքը չի կարող մերժվել», – գրել է Մադոննան որդու՝ Ռոկկոյի ծննդյան օրը հրապարակված գրառման մեջ։

Նա ընդգծել է, որ քաղաքական մեթոդները փոփոխություններ չեն բերի, բայց «գիտակցությունը կարող է»։ Երգչուհին կարծում է, որ իր որդու համար լավագույն նվերը Գազայում հակամարտության կիզակետում հայտնված անմեղ երեխաներին օգնելու կոչն է։

UNICEF-ի տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին պատերազմի սկսվելուց ի վեր Գազայում մահացել է ավելի քան 18,000 երեխա՝ օրական միջինը 28 երեխա։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդում է, որ Իսրայելի կողմից մարդասիրական օգնության շրջափակումը ստեղծել է «մարդածին զանգվածային սովի» պայմաններ։

Մադոննան նշել է, որ չի փորձում մեղադրել որևէ կողմի և աղոթում է բոլոր տուժածների համար։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը արձագանքել է երգչուհու կոչին՝ շնորհակալություն հայտնելով նրան կարեկցանքի և համերաշխության համար։ «Սա շատ կարևոր է։ Մարդկությունն ու խաղաղությունը պետք է գերակշռեն»։

Share This