«Նա ո՛չ եփում էր, ո՛չ մաքրում». Հոլի Բերիի առաջին ամուսինը բողոքել է աստղի հետ կյանքից

«Ատլանտա Բրեյվզի» նախկին բեյսբոլիստ Դեյվիդ Ջասթիսը՝ Հոլի Բերիի առաջին ամուսինը, Մեթ Բարնսի «All the Smoke» փոդքասթի ժամանակ հիշել է դերասանուհու հետ իր երեք տարվա ամուսնությունը և խոստովանել, որ այն ժամանակ կնոջից «ավանդական» դեր էր ակնկալում։

58-ամյա մարզիկի խոսքով՝ ինքը մեծացել է Միջին Արևմուտքում և մեծարել է մորը։ «Կնոջ մասին իմ պատկերացումն այն էր, որ նա պետք է եփի, մաքրի, ավանդական լինի։ Բայց Հոլիի պատկերացումներն այլ էին»։

Զույգը միասին է եղել 1993-ից 1997 թվականներին։ Ջասթիսը խոստովանել է, որ Բերիի հետ հանդիպելուց առաջ նա ունեցել է միայն մեկ լուրջ հարաբերություն, և նա պատրաստ չէր դժվարություններին։ «Մտածեցի. եթե երեխաներ ունենանք, սա՞ է այն կինը, որի հետ ես ուզում եմ ընտանիք կազմել։ Նա չէր եփում, չէր մաքրում, չէր թվում «մայրական», և մենք սկսեցինք խնդիրներ ունենալ»։

Նա դերասանուհու խիտ գրաֆիկը նշում է որպես բաժանման մեկ այլ պատճառ։ «Նա անընդհատ նկարահանումներ էր ունենում այս կամ այն երկրում։ Մենք հաճախ էինք բաժանվում։ Անկեղծ ասած, եթե մենք իմանայինք թերապիայի մասին, գուցե կփրկեինք ամուսնությունը»։

Ամուսնալուծությունից հետո Հոլի Բերին դարձավ երկու երեխաների մայր՝ դուստրը՝ Նահլան, մոդել Գաբրիել Օբրիից է, իսկ որդին՝ Մասեո-Ռոբերտը՝ դերասան Օլիվիե Մարտինեսից։

Դեյվիդ Ջասթիսը 2001 թվականից ամուսնացած է Ռեբեկա Վիլյալոբոսի հետ, նրանք ունեն երեք երեխա՝ դուստր Ռաքելը, և որդիներ Ջ.Ռ.-ն և Դիոնիսիոն։

Share This