Ջոն Լենոնը նախանձում էր Փոլ ՄաքՔարթնիի հաջողությանը «Բիթլզի» փլուզումից հետո

1970 թվականին «Բիթլզ»-ի փլուզումից հետո Փոլ ՄաքՔարթնին և Ջոն Լենոնը առանձին ճանապարհներով գնացին իրենց սոլո-կարիերաներում, և դա Լենոնի մոտ խառը զգացմունքներ առաջացրեց, խոստովանել է նրա մտերիմ ընկեր Էլիոթ Մինցը։

«The Magnificent Others» փոդքասթին տված հարցազրույցում Էլիոթը բացահայտել է, որ Ջոնը չափազանց նախանձում էր Փոլի՝ 1970-ականներին «Wings»-ի հետ ունեցած հսկայական հաջողությանը, հատկապես, երբ նա լցնում էր մարզադաշտերը և թողարկում այնպիսի հիթեր, ինչպիսիք են «Jet»-ը և «Listen to What the Man Said»-ը։

«Ջոնը շատ էր սիրում Փոլին, բայց երբ նա դադարեց երաժշտություն ստեղծել 70-ականների կեսերին՝ կենտրոնանալու որդու՝ Շոնի դաստիարակության վրա, նա խելահեղ նախանձով լցվեց Փոլի հաջողությունների հանդեպ»,-ասել է Մինցը։ «Ջոնն ինձ ասում էր. «Նրանք ինձ չեն ընդունում այնպես, ինչպես ընդունում են Փոլին»։ Ես ասում էի. «Դու բեմում չես և երաժշտություն չես թողարկում»։ Իսկ նա ասում էր. «Դու չես հասկանում, նրանք հիանում են նրա հանճարով»։

Մինցը երաժիշտների վեճերը համեմատել է դեռահասների՝ սոցիալական ցանցերում վեճերի հետ. 1971 թվականին ՄաքՔարթնին թողարկեց «Too Many People» երգը, որտեղ, շատերի կարծիքով, նա ծաղրում էր Լենոնին, իսկ Լենոնը պատասխանեց «How Do You Sleep?» «կծու» երգով, որում արտահայտեց իր դժգոհությունը Փոլի նկատմամբ։

Չնայած իրենց տարաձայնություններին, նրանք մնացին կապված. 1978 թվականին Փոլը և նրա կինը՝ Լինդան, այցելեցին Ջոնին և Յոկո Օնոյին Սուրբ Ծննդյան տոներին։ Մինցը հիշում է, թե ինչպես նրանք միասին ընթրեցին, ապա նայեցին Մանհեթենի լույսերին՝ երազելով միասին երաժշտություն ստեղծել։

«Ես այն ժամանակ մտածեցի. ի՞նչ կպատահի, եթե Ջոնը վերցնի կիթառ և նվագի Փոլի հետ։ Նրանք կարող են ընդմիշտ փոխել երաժշտությունը», – խոստովանել է Էլիոթը։

Այսօր Փոլ ՄաքՔարթնին պարբերաբար հիշում է Լենոնին սոցիալական ցանցերում և մեկից ավելի անգամ նրան անվանում է ոգեշնչման աղբյուր։ Այս տարի, օրինակ, նա հրապարակեց իր լուսանկարը Ջոնի դիմանկարի ֆոնին՝ մակագրությամբ. «Շնորհավոր ծնունդդ, Ջոն։ Շնորհակալություն, որ կողքիս էիր»։

Share This