Ինչպես 11-րդ դասարանի աշակերտը գործի գցեց հնադարյա ժամացույցն ու դարձավ ժամացույցի աշտարակի հսկիչը

Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի բոլոր անկյուններից տեսանելի է հարյուրամյակների պատմություն ունեցող ժամացույցի աշտարակը։ Քարե հիմքով, սպիտակ ու վարդագույն աղյուսից պատրաստված այս աշտարակը կառուցումից մեկ դար անց է ստացել «Ժամացույցի աշտարակ» անվանումը։ Վերջին անգամ ժամացույցի մեխանիզմը փոխվել է 1848 թվականին. շուրջ երկու դարի ընթացքում ժամացույցը կանգ է առել մի քանի անգամ. 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1990–ականներին և 2014 թվականին, երբ աշտարակը չուներ հսկիչ։ 2017 թվականին 11–րդ դասարանցի Իվան Պերշինը, որը հետաքրված էր ժամացույցներով, ընկերոջ հետ բարձրացել է աշտարակն ու գործի գցել մեխանիզմը։ Այդ օրվանից ի վեր նա աշտարակի հսկիչն է, ժամացույցի մեխանիզմին հետևողն ու զբոսաշրջիկներին աշտարակի պատմությունը ներկայացնող գիդը։

photo_5244449226887399899_y.jpg (238 KB)

photo_5244449226887399900_y.jpg (184 KB)

«Ընկերներիս հետ բարձրացանք աշտարակ, ժամացույցը չէր աշխատում, բայց մեխանիզմը սարքին էր, մի քանի շտկումներ արեցի, ժամացույցն սկսեց աշխատել։ Հետո իմ մասին իմացավ թանգարանի ղեկավարությունն, ու ինձ աշխատանքի ընդունեցին»,– «Մշակութային երկխոսություն» 19-րդ մեդիաֆորումի շրջանակում Վիբորգում կազմակերպված մեդիատուրի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց 26–ամյա Իվան Պերշինը՝ նշելով, որ թեև աշխատանքը բարդ չէ, սակայն պատասխանատվությունը մեծ է. նա միակն է քաղաքում, ով կարողանում է գործի գցել ժամացույցի մեխանիզմը, հետևաբար քաղաքից բացակայել չի կարող։

photo_5244449226887399902_y.jpg (161 KB)

Share This