2022 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանում բիզնեսների զանգվածային «ոչնչացում» է տեղի ունեցել
2025 թվականի առաջին կեսին Ռուսաստանում լուծարված ընկերությունների թիվը զգալիորեն գերազանցել է նոր գրանցվածների թիվը։ Այս մասին հաղորդում է Իզվեստիան՝ հղում անելով Ռոսստատի տվյալներին։ Այսպիսով, վեց ամսվա ընթացքում երկրում փակվել է գրեթե 141 հազար իրավաբանական անձ, մինչդեռ բացվել է ընդամենը մոտ 95 հազարը՝ 1,5 անգամ տարբերությամբ։ Պարբերականը նշում է, որ փակումների օգտին նման անհավասարակշռությունը 2022 թվականից ի վեր առաջին անգամ է գրանցվում։
Ամենամեծ թվով լուժարումները տեղի են ունեցել առևտրի, շինարարության և արտադրության ոլորտներում՝ այն ոլորտներում, որոնք հատկապես զգայուն են աճող ծախսերի և սպառողական պահանջարկի նվազման նկատմամբ: Շինարարների շրջանում սնանկությունների ալիք է գրանցվել մի շարք շրջաններում: Եկատերինբուրգում «ՊԻԿ Ստրոյպրոեկտ Գրուպ» խմբի նախկին գլխավոր կապալառուն սնանկության եզրին է հայտնվել, իսկ Դոնի Ռոստովում «Դոնստրոյ» ՇԿ-ն է սնանկ ճանաչվել:
Գործունեությունը դադարեցրածների թվում են ռուսական ME և I AM Studio նորաձևության ապրանքանիշերը: Լուծարում են սկսել նաև օտարերկրյա ընկերությունները, որոնք ռուսական շուկայից հեռանալու մասին հայտարարել են դեռ 2022 թվականին, ներառյալ՝ H&M-ը և Microsoft-ը։
Բարդ իրավիճակում են հայտնվել նաև ավտոդիլերները՝ անկայուն մատակարարումները, սահմանափակ տեսականին, պահանջարկի նվազումը և ներմուծման ծախսերի աճը վտանգի տակ են դրել այս ոլորտի գոյատևումը։ Պարբերականի կողմից հարցված փորձագետների գնահատականներով՝ մինչև տարեվերջ Ռուսաստանում կարող է փակվել յուրաքանչյուր հինգերորդ ավտոսրահը։ Շուկայի խոշորագույն խաղացողներից մեկը՝ «Կլյուչավտո»-ն, արդեն գրեթե երեք անգամ կրճատել է իրավաբանական անձանց թիվը։
Միկրոֆինանսական շուկայում փոքր միկրոֆինանսական կազմակերպությունները հեռանում են մրցակցության և կարգավորման ճնշման տակ։ Միայն հունիսին 11 կազմակերպություն դադարեցրել է գործունեությունը, այդ թվում՝ RD Online-ը և Evraz-ը։
Ընդհանուր անկման ֆոնին, ըստ Freedom Finance Global-ի վերլուծաբան Վլադիմիր Չերնովի՝ նկատելի է գրանցումների աճ այն ոլորտներում, որոնք կենտրոնացած են օգտակար հանածոների արդյունահանման, ՏՏ-ի, խորհրդատվության, լոգիստիկայի, ներքին զբոսաշրջության և էլեկտրոնային առևտրի վրա։
Միևնույն ժամանակ, այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը, տրանսպորտը, շինարարությունը, քիմիան, գյուղատնտեսական ոլորտը և ծառայությունները՝ նոր իրավաբանական անձանց նվազագույն թիվ է գրանցվում, հավելել է «Դելովայա Ռոսիա»-ի քրեական իրավունքի քաղաքականության և դատական ակտերի կիրառման փորձագիտական կենտրոնի ղեկավար Եկատերինա Ավդեևան։ Պատճառներն են բարձր մրցակցությունը, շուկա մուտք գործելու դժվարությունը, սակագների աճը և ներդրումների զգալի անհրաժեշտությունը։
Եկատերինա Ավդեևան կարծում է, որ շուկան կեղծ ընկերություններից մաքրելը դրական գործընթաց է. այն մեծացնում է թափանցիկությունը, բարելավում հարկային կարգապահությունը և վերացնում անարդար մրցակցությունը: Այնուամենայնիվ, նա ընդունում է, որ շատ իրական ընկերություններ տառապում են ուշացած վճարումներից և չեն կարողանում հաղթահարել իրենց պարտքային բեռը:
Ըստ Չերնովի, զանգվածային լուծարումները կարող են հանգեցնել գործարար ակտիվության անկման, հարկային մուտքերի նվազման, գործազրկության աճի և ներդրումային միջավայրի վատթարացման։ Մրցակցության նվազումը նաև կհանգեցնի որակի և նորարարությունների լճացման։
Բիզնեսի կայունությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է նվազեցնել տոկոսադրույքները, մեղմացնել կարգավորող պահանջները և զարգացնել արագացման ծրագրերը։ Բացի այդ, կարևոր է այլընտրանքային ֆինանսավորման հասանելիությունը՝ քրաուդֆանդինգի և քրաուդլենդինգի միջոցով, նշում է Ռուսաստանի նախագահական ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիաի դոցենտ Դանիիլ Գոնենկոն։
