«ՄԻՏՌԱՏԵՔՍ»–ը ներառվեց «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ներառել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ստեղծվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտին, որի մեկնարկը տրվել է 2019 թվականի հունվարին: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության (ներկայիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության) և «ԷԿՈՍ» ՓԲԸ միջև կնքվել է վերոնշյալ ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին պայմանագիրը, ինչը հնարավորություն է տալիս շահագործել վերոնշյալ ազատ տնտեսական գոտին: «ՄԻՏՌԱՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Հանձնաժողովին է ներկայացվել «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվելու համար համապատասխան հայտ:

«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ստեղծված արդյունքի արտահանումը, նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Share This