Հարկավոր է շատ ջուր խմել․ Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ ամռանը ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։

Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը

-Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։
-Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։
-Նպաստում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։
-Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։

Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջրազրկումը պարզապես «ջուր քիչ խմելը» չէ։ Դա օրգանիզմի կենսաբանական հավասարակշռության խախտում է, որն ազդում է գրեթե բոլոր օրգան-համակարգերի վրա։

Ահա, թե ինչ կարող է տեղի ունենալ ջրազրկման ժամանակ․

Նյարդային համակարգ

-Գլխացավ, գլխապտույտ
-Դանդաղ ռեակցիա, ուշադրության և հիշողության թուլացում
-Ծայրահեղ դեպքերում՝ գիտակցության կորուստ:
-Սրտանոթային համակարգ

Սրտխփոց

-Արյան խտացում, թրոմբների առաջացման բարձր ռիսկ
-Արյան ճնշման անկում՝ շոկի վտանգով:
-Երիկամներ և միզատար համակարգ

Մեզի նվազում կամ բացակայություն

-Միզուղիների վարակների և երիկամաքարերի առաջացման ռիսկ
-Երիկամային անբավարարություն՝ հատկապես տարեցների կամ քրոնիկ հիվանդների մոտ:
-Մարսողական համակարգ

Փորկապություն

-Սրտխառնոց, ախորժակի անկում
-Էլեկտրոլիտային խանգարումներ՝ նատրիումի, կալիումի կորուստ:
-Մաշկ և մկանային համակարգ

Մաշկի չորություն, ճաքեր

-Մկանային թուլություն, քրոնիկական ջղակծկումներ
-Ցածր էներգետիկ մակարդակ, ֆիզիկական թուլություն:

Մանկահասակներն ու տարեցներն առավել խոցելի են։ Նրանց մոտ ջրազրկումը կարող է շատ արագ զարգանալ և բերել բարդությունների՝ կոլապս, ցնցումներ, նույնիսկ մահ՝ անհապաղ բուժօգնության բացակայության դեպքում։

Ինչ անել՝

-Հետևել մեզի գույնին՝ եթե շատ մուգ է, հնարավոր է՝ ջրազրկման նշան է։
-Անընդհատ խմել մաքուր ջուր, անգամ եթե ծարավ չեք։
-Զերծ մնալ ալկոհոլից և քաղցր, գազավորված ըմպելիքներից։
-Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես՝ ժամը 11:00–17:00-ին։

Ինչքան ջուր խմել

Օրվա ընթացքում խորհուրդ է տրվում խմել միջինում 30 մլ ջուր 1 կգ քաշի հաշվարկով։ Ամռանը կամ ակտիվ շարժման դեպքում՝ ավելի շատ։ Չսպասեք ծարավին՝ ջուր խմեք պարբերաբար։

Օգտակար հուշում

Ջուրը կարելի է փոխարինել նաև առանց շաքարի տնային կոմպոտներով, կանաչ թեյով, թարմ միրգ ու բանջարեղենով։

Ամռան տապին ջուրն է ամենահուսալի ընկերն ու պաշտպանիչ միջոցը։

Share This