Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը

Հուլիսի 4-ին Գյումրիում նշվեց հայ թատրոնի և կինոյի մեծանուն վարպետ Ֆրունզիկ Մկրտչյանի ծննդյան 95-ամյակը։ Գյումրեցիներն ու հյուրերը հարգանքի տուրք մատուցեցին սիրված դերասանի հիշատակին՝ մասնակցելով մի շարք մշակութային միջոցառումների։
Տոնական օրը սկսվեց հանդիսավոր արարողությամբ` Մկրտչյանի հուշարձանի մոտ, որտեղ դրվեցին ծաղիկներ և ծաղկեպսակ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից։ Արվեստի, մշակույթի և համայնքային կառույցների ներկայացուցիչները` Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի ամբողջ անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ գյումրեցիներ՝ իրենց ներկայությամբ և հուզիչ խոսքերով, մեծարեցին Մեծ դերասանին։
Այնուհետև անցկացվեցին մշակութային միջոցառումներ՝ նվիրված Մկրտչյանի կյանքին ու արվեստին։ Ելույթ ունեցան դերասաններ, երաժիշտներ ու արվեստագետներ, ովքեր ներկայացրին նրա կյանքի դրվագները, մարմնավորած կերպարները, հումորն ու խորափորձ մտքերը։ Նրա անմահ ժառանգությունը վերստին կենդանացավ ՝ վերածվելով հպարտության ու կարոտով լի մի տոնի։
Ֆրունզիկ Մկրտչյանի անունը շարունակելու է վառ մնալ գյումրեցիների ու ողջ հայ ժողովրդի սրտում՝ որպես մեծության, մարդկայնության և անսպառ տաղանդի խորհրդանիշ։
