Նոր շիկացումներ ռուս-ադրբեջանական հարաբերություններում. Հարվածն ուղղված է ՌԴ-ում ազերիական բիզնեսին
Եկատերինբուրգում ադրբեջանցիների մահվան դեպքի հետ կապված նոր սրացումներ են սկսվել ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Նախ, Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ Եկատերինբուրգում ձերբակալություններից հետո: Այս մասին հաղորդվել է Արտաքին գործերի նախարարության կայքում: «Ռուսական կողմին խիստ բողոք է հայտնել 2025 թվականի հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության ուժերի կողմից մեր հայրենակիցների բնակության վայրերում կատարված խուզարկությունների կապակցությամբ, որոնց արդյունքում դաժանորեն սպանվել են երկու ադրբեջանցի, մի քանի մարդ ծանր վիրավորվել է, իսկ ինը մարդ ձերբակալվել է», – ասվում է հայտարարության մեջ:
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ ավելի առաջ գնացին: Օրինակ, «Modern Az» հրատարակությունը պնդում է, որ Եկատերինբուրգում անվտանգության ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհված Ադրբեջանից եկածների թիվը հասել է հինգի։ «Մահացածների թվում է Քեմալ Սաֆարովը՝ Զիեդդին և Հուսեյն Սաֆարովների զարմիկը։ Հուսեյնը Ադրբեջանի քաղաքացի էր, Զիեդդինը՝ Ռուսաստանի քաղաքացի։ Երկուսն էլ հայտնի գրականագետ և «525-րդ թերթի» գլխավոր խմբագրի տեղակալ Սեյֆադդին Հուսեյնլիի եղբայրներն են։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել են ևս երկուսը՝ Այազ և Մազահիր Սաֆարովները՝ հոր կողմից եղբայրներ»,- պնդում է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, APA գործակալության ռուսական բյուրոն հաղորդում է, որ «Եկատերինբուրգում հինգ ադրբեջանցիների մահվան մասին լուրերը պաշտոնական տվյալներով չեն հաստատվում»։ Իսկ ռուսական աղբյուրներն առնվազն տարօրինակ են համարում Ադրբեջանի միջամտությունը:
Բանն այն է, որ Եկատերինբուրգի պատմությունը, անգամ ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ, հետեւյալն է: ՌԴ ԱԴԾ աշխատակիցները գործողություն են իրականացրել Սաֆարովների ընտանիքի՝ ադրբեջանական ծագում ունեցող Ռուսաստանի քաղաքացիների հասցեներում: Հարազատների խոսքով՝ սպանվել են երկու եղբայրներ՝ Հուսեյնը և Զիյադինը, իսկ ծեծի ենթարկվելուց հետո մարմնական վնասվածքներ են ստացել ևս ութ մարդ: Մահացածները զբաղվել են ռեստորանային բիզնեսով, նրանց էր պատկանում Եկատերինբուրգի «Կասպիյ» ռեստորանը: Չհաստատված տեղեկությունների համաձայն, ԱԴԾ գործողությունը կարող է կապված լինել 2001 թվականին ռեստորանում տեղի ունեցած սպանության գործի հետ։
Այն է` խնդիրը կապված է ՌԴ քաղաքացիների հետ, որոնք ընդամենը «ադրբեջանական ծագում» ունեն: Իսկ դա նշանակում է, որ իրավական տեսանկյունից, պաշտոնական Բաքուն այս ամենի հետ կապված որեւէ գործառույթ չի կարող ունենալ:
Մյուս կողմից, բոլորն են հասկանում ,որ այս ամենը բոլորովին այլ հիմքեր ունեն: Այսպես, ներկա պահին ադրբեջանցիների հետ կապված, անկածխ այն բանից` նրանք ՌԴ քաղաքացիներ են, թե` անօրինական ներգաղթյալներ, տարաբնույթ գործողություններ են իրականացվում ՌԴ-ի տարբեր հատվածներում: Օրինակ, Եկատերինբուրգին զուգահեռ, իրավապահները գործողությունենր իրականացրեցին նաեւ Վորոնեժի «Ալեքսեևսկիի» խոշոր եւ գորեկամտաբեր շուկայում (https://iravunk.com/?p=316876&l=am), որն ազերիական վերահսկողության տակ է: Նույն Եկատերինբուրգում, ըստ տեղի աղբյուրների, Զիեդդին և Հուսեյն Սաֆարովները ոչ թե պարզապես ռեստորանատերեր են, այլ մի հսկա հանցավոր «սինդիկատ» են ստեղծել, եւ ձերբակալությունն իրականացվել է մի շարք հոդվածներով (սպանություններ, սպանություների փորձեր եւ այլն) շրջանակներում:
Այսինքն, խոսքն ընդհանրական իմաստով ռուսաստանաբնակ ազերիների խոշոր բիզնեսի (օրինական կամ անօրինական, հարցն այս պահին դա չէ) ճնշման մասին է: Նաեւ այն հիմքով, որ այդ բիզնեսներից իր մեծ բաժինն ունի նաեւ անձամբ Ալիեւը: Կարճ ասած, եթե այդ բիզնեսները ժամանակին համեմատաբար անձեռնմխելի էին, հիմա արդեն միայն ծավալվող ճնշումների տակ են: Եվ այն, որ դա կապված է Ալիեւի այս նոր քաղաքական կորսի հետ, հասկանում են բոլորը:
Օրինակ, ազգայնական թեւը ներկայացնող քաղաքագետ և պատմաբան Վլադիմիր Ռուժանսկին պատկերը բացատրում է այսպես. «Այստեղ արժե դիտարկել ոչ միայն այս կոնկրետ դեպքը, այլև 2020 թվականից ի վեր տեղի ունեցած բոլոր իրադարձությունները։ Օրինակ՝ մեր խփված ռազմական ուղղաթիռը և Ղարաբաղում ռուս սպաների սպանությունը։ Ոչ ոք Ադրբեջանին պատասխանատվության չի ենթարկել դրա համար։ Դրա համար էլ Ադրբեջանի իշխանությունները իրենց իրավունք են համարում պահանջներ ներկայացնել Ռուսաստանին, կարծես այն իրենց ինչ-որ ինքնավար մարզ լինի»։
Ըստ փորձագետի, հիմա այդ իրավիճակը պետք է փոխել, եւ. «Պետք է անցնել ադրբեջանցի օլիգարծներին: Ընդհանուր առմամբ, լավ գաղափար կլիներ հետաքննել, թե ում են օգնում ադրբեջանցի օլիգարխները Ռուսաստանում»։
