Գործազրկության խնդիրը մեր քաղաքի ամենասուր հարցերից մեկն է
Այսօր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հերթական ընդունելությունն անցկացրեց քաղաքի բնակիչների հետ՝ լսելով նրանց հուզող խնդիրները։ Քաղաքապետին դիմած քաղաքացիների մեծ մասը սոցիալապես անապահով խավից էին, հիմնականում օթեւանության խնդիր ունեցող անձինք, ովքեր երկար տարիներ բնակվում են տնակային ավաններում։
Քաղաքապետին ուղղված հարցերի հիմնական առանցքը մշտական կացության խնդրին էր վերաբերում։ Շատերն ամբողջությամբ զրկված են սեփական բնակարան ունենալու հնարավորությունից և տարիներ շարունակ ապրում են ժամանակավոր պայմաններում՝ առանց տարրական հարմարությունների։
Քաղաքապետը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը շարունակում է քայլեր ձեռնարկել բնակարանային հարցերը լուծելու ուղղությամբ։ Մասնավորապես՝ որոշ բնակիչների ժամանակավորապես տրամադրվել են մոդուլային տնակներ՝ նրանց ապաստան ապահովելու նպատակով։
«Քաղաքային իշխանությունները գիտակցում են, որ սա ամբողջական լուծում չէ, բայց այս պահին դա ամենաարագ հնարավոր տարբերակն է, որպեսզի մարդիկ չմնան բաց երկնքի տակ։ Մենք աշխատում ենք, որ հնարավորինս շուտ գտնվեն երկարաժամկետ լուծումներ՝ հիմնականում պետական աջակցության և ներդրումների հաշվին», – նշեց քաղաքապետը։
Բնակիչների կողմից բարձրացված մյուս խնդիրներն առնչվում էին նաև սոցիալական այլ հարցերի՝ հաշմանդամության խնամք, կոմունալ վարձավճարների մարում, ինչպես նաև զբաղվածության հնարավորությունների բացակայություն։ Մի շարք քաղաքացիներ դիմել էին քաղաքապետին՝ աշխատանք հայցելով։ Քաղաքապետը հանձնարարեց նրանց` տվյալները փոխանցել համապատասխան մարմիններին՝ քաղաքապետարանի կադրային կենտրոնին՝ հնարավոր աշխատանքային տեղերի ուսումնասիրության և տրամադրման համար։
«Գործազրկության խնդիրը մեր քաղաքի ամենասուր հարցերից մեկն է։ Մենք պետք է համատեղ ուժերով ստեղծենք հնարավորություններ, որպեսզի գյումրեցին մնա իր քաղաքում, աշխատի և ապրի արժանապատիվ կյանքով», – ընդգծեց քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
Նշենք, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, իսկ քաղաքացիների բարձրացրած խնդիրները՝ ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն քաղաքային զարգացման ծրագրերում։





