Բարի եւ մարդամոտ երեխաների սննդաբաժնում ձուկը գերակշռում է.

Բրիսթոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ ավելի շատ ձուկ ուտելը կարող է բարելավել երեխաների սոցիալական հմտությունները եւ մեծացնել նրանց ալտրուիզմի՝ այլասիրության հակումը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Journal of Nutrition ամսագրում:

Ձուկն ու ծովամթերքները պարունակում են օմեգա-3 ճարպաթթուներ, յոդ եւ սելեն, որոնք կարեւոր դեր են խաղում ուղեղի զարգացման եւ կոգնիտիվ ֆունկցիայի մեջ: Պարզելու համար, թե ինչպես են նման մթերքներն ազդում երեխաների վարքային հատկությունների վրա, գիտնականները վերլուծել են «90-ականների երեխաները» հետազոտության տվյալները:

Այս ծրագրի շրջանակում տեղեկատվություն է հավաքվել 5 969 երեխայի եւ նրանց ծնողների, իսկ հետո նաեւ թոռների առողջության եւ սննդակարգի վերաբերյալ: Տվյալները գրանցվել են երկու տարվա ընթացքում եւ ճշգրտվել սոցիալական ու ժողովրդագրական գործոնների համար:

Արդյունքները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք հաճախ են ուտում ձուկ, ավելի հավանական է, որ դրսեւորեն սոցիալամետ վարքագիծ, որը ներառում է ընկերական փոխազդեցություններ, ալտրուիզմ և շփում:

Պարզվել է նաեւ, որ երբ սննդակարգում ձուկ չի եղել, յոթ տարեկան երեխաների մոտ սոցիալական վարքագիծը 35 տոկոսով ավելի հավանական է, որ օպտիմալ չի եղել: Իննամյա տղաների եւ աղջիկների շրջանում այս ցուցանիշը հասել է 43 տոկոսի:

Հետազոտողները նաեւ ուսումնասիրել են 7 տարեկանում ծովամթերքի օգտագործման եւ ինտելեկի գործակցի՝ IQ-ի միջեւ կապը, սակայն ոչ մի առնչակցություն չի հայտնաբերվել:

Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության փորձագետները նշել են, որ առողջ, հավասարակշռված դիետան պետք է ներառի շաբաթական առնվազն երկու չափաբաժին ձուկ: Միեւնույն ժամանակ, շաբաթը մեկ անգամ անհրաժեշտ է օգտագործել ճարպոտն տեսակներ՝ սաղմոն, թյունաձուկ կամ սարդին։

Share This