Ձվից եւ խոզի մսից առաջացող նյութը հրահրում է կրծքագեղձի վտանգավոր քաղցկեղ.
Վեյլ Քորնելի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ձվի, խոզի մսի եւ բուսական յուղերի լինոլեաթթուն նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի ագրեսիվ ենթատեսակի զարգացմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Omega-6 լինոլեաթթուն սննդանյութ է, որը համարվում է կարեւոր կաթնասունների համար, քանի որ այն մասնակցում է մօրգանիզմի բազմաթիվ գործընթացներին: 1950-ականներից ի վեր սննդակարգում նրա մասնաբաժինը զգալիորեն աճել է, ինչը համընկնում է բուսական յուղերի, յուղոտ մսի եւ արագ սննդի սպառման աճի հետ։ Գիտնականներն ավելի հաճախ են ենթադրում, որ օմեգա-6-ի չարաշահումը կարող է լինել քաղցկեղով հիվանդացության աճի պատճառներից մեկը, այդ թվում՝ կաթնագեղձի։
Հասկանալու համար, թե ինչպես է լինոլեաթթուն հրահրում քաղցկեղի զարգացումը, գիտնականները փորձեր են անցկացրել մկների վրա։ Նրանք պարզել են, որ նյութը կարող է խթանել TORC1 ազդանշանային ուղին, որը պատասխանատու է բջիջների բաժանման համար, երբ ենթարկվում է սննդանյութերի ազդեցությանը: Պարզվել է, որ լինոլեաթթուն համալիր է կազմավորում FABP5 սպիտակուցի հետ, որը մեծ քանակությամբ արտադրվում է կրծքագեղձի եռակի բացասական ուռուցքների դեպքում։ Սա նաեւ հանգեցնում է քաղցկեղի բջիջների ակտիվացմանը mTORC1-ով:
Կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղը բնութագրվում է էստրոգեն ռեցեպտորների, պրոգեստերոնի եւ HER2էպիդերմալ գործոնի ռեցեպտորների բացակայությամբ, ինչն այն դարձնում է դիմացկուն հորմոնալ եւ նպատակային թերապիաների նկատմամբ՝ սահմանափակելով բուժման տարբերակները: Քաղցկեղի այս տեսակը արագ է զարգանում եւ հաճախակի կրկնվում է՝ այլ ենթատեսակների համեմատ:
