Միաեղջյուրներն իրենց ժանիքներն օգտագործում են ձկների հետ խաղալու համար. Frontiers in Marine Science
Գիտնականները պնդում են, որ ունեն առաջին տեսագրությունը, թե ինչպես են միաեղջյուրներն օգտագործում իրենց ժանիքները ոչ միայն կերակրման ժամանակ ձկներին հարվածելու և սիրահետումների, այլ, ըստ նոր հետազոտության, նաև խաղային վարքի համար:
Գիտնականներն առանձնապես չեն հետևել միաեղջյուրների փոխազդեցություններին իրենց բնական միջավայրում, ինչը ենթադրություններ է առաջացրել այս տեսակի պարուրաձև ժանիքների նշանակության մասին:
Հիմնականում արուների մոտ հայտնաբերված ժանիքի երկարությունը հասնում է 3 մետրի:
Սակայն այժմ, անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, Կանադայի Բարձր Արկտիկայում կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ միաեղջյուրն ընդունակ է օգտագործել իր ժանիքները ոչ միայն սիրահետումների համար:
Ընդհանուր առմամբ, հետազոտողները հայտնաբերել և նկարագրել են միաեղջյուրների ավարին առնչվող վարքի 17 տարբեր ձևեր: Հետազոտությունները, որոնք հրապարակվել են Frontiers in Marine Science հանդեսում, միաեղջյուրների և ձկների միջև փոխազդեցությունների և դինամիկայի լայն շրջանակ են բացահայտում, ինչպես նաև ի հայտ բերում շարժվող թիրախներին հետևելու նրանց ժանիքների արտասովոր ճարպկությունը, ճշգրտությունը և արագությունը:
«Այն փաստը, որ այս կենդանիները ձուկ չեն որսում, այլ ուսումնասիրում են դրանք, մանիպուլյացիայի ենթարկում և շփվում նրանց հետ, իսկական իրադարձություն է դարձել», – ասում է, Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի Հարբոր մասնաճյուղի օվկիանոսագիտական ինստիտուտի հետազոտող պրոֆեսոր, հետազոտության առաջատար հեղինակ դոկտոր Գրեգորի Օ’Կորի-Քրոուն:
Հետազոտողների խումբը 2022 թվականի ամռանը կանադական Նունավուտի Սոմերսեթ կղզու արևելյան մասում գտնվող Քրեսվել ծովածոցում անօդաչու թռչող սարքով բեկումնային կադրեր է նկարահանել:
Կադրերը վերլուծելիս գիտնականները միաեղջյուրների վարքագծի նրբերանգներ են նկատել։ Կադրերը նույնիսկ ցույց են տալիս մի դեպք, երբ միաեղջյուրը շփվել է ձկան հետ՝ բազմիցս հրելով նրան իր ժանիքով, որն իրականում հսկա ատամ է, չփորձելով ձկանն ուտել:
Ըստ Օ’Կորի-Քրոունի՝ երբ հետազոտողները միաեղջյուրների և ձկների միջև որոշ փոխազդեցության մեջ ագրեսիայի բացակայություն են նկատել, հասկացելեն, որ այս սցենարներն ավելի շատ նման են կատվի և մկան խաղի, որտեղ կենդանիները հետապնդում կամ «խաղում» էին, ոչ թե որս անում:
