ԱՄՆ–ը 4 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Իսրայելին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ փաստաթուղթ է ստորագրել Իսրայելին 4 միլիարդ դոլարի զենքի մատակարարման վերաբերյալ։

«Ես ստորագրել եմ հռչակագիր՝ օգտագործելով արտակարգ լիազորությունները՝ Իսրայելին մոտավորապես 4 միլիարդ դոլարի ռազմական օգնության տրամադրման արագացման համար», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Ռուբիոն նշել է, որ որոշումն ընդունվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելին որոշակի տեսակի զենքի և զինամթերքի մատակարարման նկատմամբ նախկին վարչակազմի կողմից սահմանված մասնակի էմբարգոյի չեղարկման համաձայն։

«Պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփի վարչակազմը հավանություն է տվել Իսրայելին զենքի խոշոր վաճառքը՝ շուրջ 12 միլիարդ դոլարի չափով», – ասել է պետքարտուղարը։

Սա ևս մեկ ապացույց է, որ Իսրայելը Սպիտակ տանն ավելի վստահելի դաշնակից չունի, քան Թրամփը, հավելել է Ռուբիոն։

Նա ընդգծել է. «Թրամփի վարչակազմը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ Իսրայելի անվտանգության հանդեպ Ամերիկայի երկարամյա հանձնառությունը կատարելու համար, ներառյալ անվտանգության սպառնալիքներին դիմակայելու միջոցները»:

Share This