Օդի որակի հարցով պետք է գործուն քայլեր ձեռնարկենք. Ավինյան

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու պարունակությունը հունվարին սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է 2 անգամ։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

«Մեր հաջորդ կարևոր գործողությունների ծրագիրը նվիրված է լինելու օդու որակի և առհասարակ օդում առկա փոշու հետ կապված անելիքներին։ Բայց Երևանի քաղաքապետարանի անելիքները չպետք է սահմանափակվեն քաղաքապետարանի լիազորություններով, հետևապես, սա մեզ համար պետք է դառնա առաջնային խնդիրներից մեկը»,– զեկույցին արձագանքեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Ըստ քաղաքապետի՝ մեծ ծավալի օդի որակի չափման սարքեր են տեղադրվել, և պարզվել է, որ տարբեր գործոններով պայմանավորված, շատ դեպքերում՝ ոչ մարդածին գործոններով պայմանավորված՝ ունենք օդի որակի հետ կապված խնդիր: Բայց կան նաև մարդածին գործոններով պայմանավորված խնդիրներ:

«Այդ ուղղությամբ պետք է գործուն քայլեր ձեռնարկենք»,- ասել է նա՝ հանձնարարելով քառամյա ծրագիր կազմել այդ ուղղությամբ։

Share This