Օրենսդրական որևէ դրույթ չկա 50 հազար դրամ տուգանելու համար, եթե երևանցին չվճարի տրանսպորտի թանկացած վճարը. Մարության

Օրենսդրական որևէ դրույթ չկա 50 հազար դրամ տուգանելու համար, եթե երևանցին փետրվարի 1–ին չվճարի տրանսպորտի թանկացած վճարը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Այս պահին տուգանքի մասին օրենսդրական որևէ դրույթ գոյություն չունի։ Այնպես որ մենք հանգիստ կարող ենք իրականացնել մեր ակցիան։ Մեր իրավաբաններին խնդրել էի, նրանք ևս մեկ անգամ ստուգեցին ու վերահաստատեցին, որ իսկապես չկա օրենսդրական նման դրույթ։ Ասեմ ավելին` եթե հանկարծ ինչ–որ մեկին տուգանեն 50 հազար դրամով, մենք իրավաբանական բոլոր ծախսերը մեզ վրա կվերցնենք և կբեկանենք դա»,– ասաց նա։

Ըստ Մարությանի՝ պետությունն անցել է գրոհի․ «Վարչապետն այսօր գնաց փորձարկեց իրենց սիրելի Թելսելի աշխատանքը։ Այդպես էլ մինչև այսօր ԿԲ-ն պատասխան  չի տվել, և իրենց ասելով ուսումնասիրում են՝ արդյո՞ք ունի այդ տոմսը վաճառելու իրավունք, թե՞ ոչ։ Մի խոսքով՝ վարչապետն ուսամնասիրեց, շատ գոհ, ճանապարհին էլ պատմեց, թե ինչքան մարդու է տեսել, ինչ հարցեր են տվել իրեն, բայց չգիտես՝ ինչու նկարահանված չէ այդ ամենը, թեև վարչապետը շատ է սիրում նկարահանել այդ հանդիպումները, խոսակցությունները։ Բայց այս անգամ նկարահանված չի, ինչը կասկածի տեղիք է տալիս, որ այդպիսի խոսակցություններ չեն եղել կամ վատ խոսակցություններ են եղել մետրոյում, և ժողովուրդն այդ հարցերը տվել է վարչապետին»,-ասաց Մարությանը։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ են, որ 100 դրամ չտալով՝ հնարավոր է տրանսպորտից օգտվել, արդյո՞ք մարդկանց չեն տուգանի, Մարությանը պատասխանեց, որ պետության երկրորդ գրոհն էլ տուգանքի սպառնալիքն է։

«Այսօր թերթերից մեկը, որը КГБ-ի պատվերն է կատարում, չեմ ասում ԱԱԾ-ի, այլ КГБ-ի, և նրանք ապատեղեկատվություն են տարածում, գրել էր, թե իբրև 50 000 տուգանք է հասնում առանց տոմսի երթևեկելու համար, կամ 100 դրամ տալու համար։ Ձեզ 100 տոկոսով ասում եմ, ժողովո՛ւրդ ջան, այդպիսի տուգանք գոյություն չունի ՀՀ Սահմանադրության մեջ։ Դա սուտ է, ապատեղեկատվություն, որն այս պահին թերթերի միջոցով տարածքում է КГБ-ն։ Հանգիստ բոլորը կարող են իրականացնել իրենց ակցիան։ Իրենք ուզեն էլ չեն կարող տուգանել այսօր, որովհետև այդ օրենսդրական լծակները չունեն»,-ասաց նա։

Share This