ԱՋԱՊԱՀՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՄԵՐՕՐՅԱ ԿՏԱԿԸ

Մարդկային միտքը հաստատուն է, երբ աստվածային կենդանի լույս ունի իր մեջ: Մարդուն բարի ու իմաստուն են դարձնում քրիստոնեական բարոյականությունն ու առաքինությունները, որոնց կրողն է Շիրակի թեմի Առաջնորդ Տեր Միքայել արքեպս. Աջապահյանը:

Գյումրին ճակատագրորեն կանխորոշված էր Սրբազան Հոր համար: 2001 թ. սեպտեմբերի 30-ին, եպիսկոպոսական ձեռնադրությունից եւ օծումից անմիջապես հետո, նորոգ օծյալ Սրբազանը հաստատվեց Շիրակի թեմի Առաջնորդ՝ հանդիսանալով ԻՐ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ ՀԱՅՐԵՐԻ ՄԵՐՕՐՅԱ ԿՏԱԿԸ:

Արդեն ՔՍԱՆՀԻՆԳ ՏԱՐԻ նա հովվում է Շիրակի տիրախնամ թեմը: Ինչո՞ւ Շիրակ, ինչո՞ւ Գյումրի… որովհետեւ «Գյումրին իմ ճակատագիրն է, իմ մանկությունը, իմ այսօրը…»: Սրբազան Հոր բարձրաձայն մտորումներն են: Նա հայրենի քաղաքի հետ ապրեց դեռ չսպիացած վշտի մորմոքը, տագնապները, հույսի վերթեւումները:

«…Այս տարիների բոլոր իրադարձություններն էլ մեկը մյուսից տարողունակ են՝ անկախ նրանից ուրախալի են, թե՝ ընդհակառակը: Երբ եկա, Շիրակի թեմում ընդամենը չորս օծված եկեղեցի եւ մատուռ կար, որոնցից Ս. Պատարագ էր մատուցվում միայն մեկում՝ Ս. Յոթվերքում: Իմ ձեռքով, այս քսան տարիների ընթացքում, օծվեցին քառասունութ եկեղեցի եւ մատուռ: Դրանցից մոտ կեսը նորակառույցներ են, մյուս կեսը՝ վերակառուցվածներ:

Բայց ամենահիմնականը երեւի կշեշտեի Գյումրիում երկրաշարժից խոնարհված եկեղեցիների վերակառուցումը եւ ի մասնավորի ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄՆ Ու ԽԱՉԵՐԻ ՕԾՈՒՄԸ: Դա իրոք, երեւի թե, ԱՄԵՆԱՀՈՒԶԻՉ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ, որ կարող էի երբեւիցե պատկերացնել,- ծառայության քսան ամյակին նվիրված հարցազրույցին նշել է Միքայել Սրբազանը:
(Վերոգրյալին ավելացրեք եւս հինգ տարվա կատարված աշխատանք, վերակառուցված, կառուցված եւ օծված եկեղեցիներ, եւ էլի շատ ու շատ անհամրելի աշխատանքներ…)

Առաջնորդության քսանհինգ տարիներին Սրբազան Հայրը հասցրել է լինել Շիրակի թեմի բոլոր համայնքներում: Անձամբ է ուսումնասիրել առկա խնդիրները, ծանոթացել սիրելի ժողովրդի ցավերին ու հոգսերին, լուծումներ գտել՝ մարդկանց հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Աստծո խոսքն է հասցրել ժողովրդին, այն դարձրել իր հավատավոր հոտի սեփականությունը: Ակնկալիքը մեկն է եղել՝ օգնել ավելի շատ մարդկանց՝ ԵՐԿԻՆՔ ՆԱՅԵԼ, միայն այնտեղ փնտրել ապրածի եւ արածի արտացոլքը:

Նա հարազատ է դարձել հասարակության բոլոր շերտերին: Տեր Միքայել արքեպս. Աջապահյանին հատուկ է ՄՏՔԻ ՇԵՇՏՎԱԾ ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ, որ իմացականության դրսեւորումներից է: Սրբազան Հայրը գերազանց տիրապետում է ԽՈՍՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ինչը բնորոշ է ինտելեկտուալ բարձր որակներով օժտված մարդուն: Հենց դրանով է պայմանավորված նրա ԽՈՍՔԻ ԲԱՑԱՌԻԿՈՒԹՅՈՒՆԸ, գրավչությունն ու հասանելիությունը հասարակության ամենատարբեր շերտերին: Առաջնորդ Սրբազանի խոսքը խարսխված է հավատի վրա, օժտված բազմազանությամբ, ծանրաբեռ քրիստոնեական բարեխոսությամբ, բայց եւ ազատ է ԼՈՒՅՍԻ պես:

Սրբազանն այն եզակի բարձրաստիճան հոգեւորականներից է, ում իրավամբ սիրում ու հարգում է ո՛չ միայն ժողովրդի հավատավոր հատվածը:

Սիրելի Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ՝ հովվության քսանհինգ ամյակի ուրախ առիթով:
Թող Բարձրյալ Աստված զորավիգ ու օգնական լինի Ձեր եկեղեցաշեն բարի նախաձեռնություններում՝ Ձեզ պարգեւելով ամուր առողջություն, չարից պաշտպանվածություն եւ մշտանորոգ նվաճումներ առաջնորդական Ձեր առաքելության մեջ՝ ի փառս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ի պայծառություն Շիրակի թեմի եւ Հայոց Եկեղեցու:

Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ Աջոյն

Ձեր հոգեզավակներ.

Share This