ԼՂ-ից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. նախարարությունը պարզաբանել է
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար 2025 թվականից նախատեսվող սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ:
Հարց 1։ Օգտվում եմ 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից․ արդյոք կլինեմ 2025 թվականից նախատեսվող նորացված միջոցառման շահառու։
Պատասխան։ Այո՛, 2025 թվականից նախատեսվող նորացված սոցիալական աջակցության ծրագրի շահառուների շրջանակը նույնն է՝ ինչ 2024 թվականի ընթացքում։ Հետևաբար՝ միջոցառումից կարող են օգտվել ԼՂ այն հայրենակիցները, ովքեր՝
- հանդիսացել են միանվագ 100 հազար դրամ աջակցության ծրագրի շահառու,
- տեղահանվել են 2020 թ․ հետո և նրանց տվյալներն առկա են Օպերատիվ շտաբի կողմից տրամադրված՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող ԼՂ բնակիչ հանդիսացած անձանց ցուցակներում,
- ԼՂ-ից տեղահանված ընտանիքներում նոր ծնված կամ նոր ծնվող երեխաները։
2025 թ․ նախատեսվող ծրագրից չեն կարողանա օգտվել այն հայրենակիցները, ովքեր 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ստացել են միայն 10,000 դրամ աջակցություն։
Հարց 2։ Որքա՞ն աջակցություն կստանամ 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում։
Պատասխան։ Հունվարից մարտ ամիսների համար աջակցության ամսական չափը կկազմի 50,000 դրամ․ այնուհետև կփոփոխվի շահառուների շրջանակը և աջակցության չափը։
Հարց 3։ Ովքե՞ր կկարողանան օգտվել ապրիլից հունիս ամիսների համար նախատեսվող աջակցությունից և որքա՞ն կկազմի աջակցության չափը։
Պատասխան։ 2025 թ․ ապրիլից հունիս ամիսը ներառյալ աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, որից կարող են օգտվել հետևյալ առանձին խմբերի անձինք՝
- 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձինք.
- 63 և ավելի տարեկան անձինք.
- կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող անձինք.
- մինչև 18 տարեկան երեխա են։
Հարց 4։ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում՝ արդյոք կշարունակեմ օգտվել նախատեսվող աջակցության ծրագրից։
Պատասխան։ Այո՛, եթե բավարարում եք նորացված ծրագրի պայմաններին, ապա ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը որևէ կերպ չի կարող խոչընդոտել օգտվել ծրագրից։
Հարց 5։ 2025 թ․ նախատեսվող ծրագրից օգտվելու համար արդյոք անհրաժեշտ է նոր դիմում ներկայացնել։
Պատասխան։ Եթե արդեն իսկ օգտվում եք 40+10 հազար դրամ աջակցության ծրագրից, ապա 2025 թ․ նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։
Հարց 6։ 2025 թ․ հուլիսից դեկտեմբեր ամիսների համար նախատեսվող աջակցությունից և՞ս կկարողանան օգտվել միայն առանձին խմբերի շահառուները։
Պատասխան։ Այո՛, 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ աջակցությունը կտրամադրվի ԼՂ առանձին խմբերի շահառուներին՝ 30,000 դրամի չափով։
Հարց 7։ Հանդիսացել եմ ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շահառու․ արդյոք կարող եմ օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից։
Պատասխան։ Եթե հանդիսացել եք ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու և 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ չեք ստացել հավաստագիր, ապա կարող եք օգտվել 2025 թ․ նախատեսվող ծրագրից (ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշում)։
