Աշխարհի ամենաբարձրահասակ եւ ամենակարճահասակ կանայք հանդիպել են ու թեյել
Աշխարհի ամենաբարձրահասակ եւ ամենակարճահասակ կանայք հանդիպել են Լոնդոնում կեսօրից հետո թեյ խմելու՝ միասին նշելու Գինեսի ռեկորդների համաշխարհային օրը, գրում է CNN-ը։
Ռումեյսա Գելգին, ով ունի 215,16 սանտիմետր (7 ոտնաչափ 0,7 դյույմ) հասակ, եւ Ջյոտի Ամգեն, ով ունի ընդամենը 62,8 սանտիմետր (2 ոտնաչափ 0,7 դյույմ), հանդիպել են Savoy հյուրանոցում, ասվում է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի (GWR) հայտարարության մեջ:
Երկու կանանց հասակի տարբերությունը հսկայական է՝ 152,36 սանտիմետր (5 ոտնաչափ), սակայն, ըստ տեղեկությունների, նրանք շատ ընդհանրություններ են գտել:
Մենք ընդհանուր բաներ ունենք. երկուսս էլ սիրում ենք դիմահարդարում, զարդեր եւ եղունգները հարդարել»,-ասել է Գելգին։
«Մեզ համար երբեմն դժվար էր աչքով կապ հաստատել մեր հասակի տարբերության պատճառով, բայց դա հիանալի էր»,-հավելել է նա:
Ամգեն ավելացրել է, որ «այնքան ուրախ է» հանդիպել իր ռեկորդակիր ընկերոջը:
Թուրքիայից վեբ դիզայներ Գելգին, որպես ամենաբարձրահասակ կին, Գինեսում հաստատվել է 2021 թվականին։
Նրա հասակը պայմանավորված է չափազանց հազվագյուտ հիվանդությամբ, որը կոչվում է Ուիվերի համախտանիշ: Ըստ GWR-ի, նա աշխարհում 27-րդ մարդն է, ում մոտ ախտորոշվել է համախտանիշը:
Հնդկաստանում ծնված դերասանուհի եւ մեդիադեմք Ամգեն ունի ոսկորների աճի խանգարում, որը կոչվում է ախոնդրոպլազիա, որն ազդում է ձեռքերի եւ ոտքերի վրա:
Խանգարումն առաջանում է արգանդում՝ պտղի զարգացման սկզբում, եւ ազդում է աճառային հյուսվածքի վրա, որը պետք է դառնա երեխայի ձեռքերն ու ոտքերը:
