Ինչ հասկանալ իշխանական պատգամավորների կողմից հայտնի օրինագծի տապալմամբ
Իհարկե, դեռ ժամանակը ցույց կտա, սակայն ամենայն հավանականությամբ «Իմ քայլականների» կողմից տապալված օրինագիծը երկրորդ շնչառություն կստանա ու կրկին կդրվի շրջանառության մեջ։ Խոսքը այն օրինագծի մասին է, որով ԱԺ նախագահը իրավունք է ստանում մասնակցելու ԱԽ նիստերին, եւ որի քվեարկությունը տապալվեց հենց իշխանականների կողմից, չափազանց սպոնտան կերպով կազմակերպված բացակայություններով։ Իշխանությունն իհարկե ճիգ ու ջանք չի խնայում ապացուցել, որ իրենց համար օրինագծի անցկացումը կենսական խնդիր չի եղել, քանի որ եթե այդքան կարեւոր լիներ, ապա գործուղմամբ պայմանավորված բացակա պատգամավորներից նամակ կվերցնեին քվեարկության հետ կապված ու ձայները այդ կերպ կհաշվվեր։ Սակայն նաեւ հասկանալի է, որ տապալումը հատկապես Արարատ Միրզոյանի համար եղել է շոկային։ Ի վերջո սա ցույց է տալիս իշխող թիմի բազմաբեւեռությունը եւ կենտրոնախույս տրամադրությունների ուժգնացումը։Իսկ ինչու այդպես եղավ։ Սցենարներից մեկն անշուշտ կարող էր լինել ներիշխանական թեւերի միջեւ եղած խնդիրները, որոնք արդեն այնքան են հասունացել, որ բերել են նման զարգացման։ Մյուս դեպքում, ամենեւին չի բացառվում, որ սա քայլ է հատուկ Արարատ Միրզոյանի դեմ։ Ի վերջո, դեռ այն ժամանակվանից, երբ Արարատ Միրզոյանը լքեց առաջին փոխվարչապետի պաշտոնը, կորցրեց իր խոսնակին ու եկավ «մանկապարտեզ»՝ «գլխավոր դայակ-դաստիարակի» պաշտոնով, մամուլում սկսեցին շրջանառվել լուրեր, որ նրա ու Նիկոլ Փաշինյանի միջեւ սկսել է անջրպետ գոյանալ։ Իհարկե մի փոքր դավադրությունների տեսության ժանրից է, սակայն Արարատ Միրզոյանի վերջին հայտնի սելֆին, որը ըստ էության չափազանց նման էր Նիկոլ Փաշինյանի ոչ պակաս հայտնի սելֆիին, հրապարակվեց, շատերն ասացին, որ Փաշինյանը դա չի մարսի, ու ինչ որ կերպ կպատասխանի Միրզոյանին։
