Փաշինյանը վիզաների ազատականացման լավատեսական ժամկետ ավետեց
Փարիզից վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարի լուր ավետեց մի հարցի մասին, որը հայաստանցիներիս, թերեւս, ամենաշատն է հետաքրքրում՝ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը։ Ասաց, որ կառավարությունը հույս ունի այս տարի ԵՄ-ի հետ սկսել վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Նաեւ ասաց, թե 2016 թվականի համեմատ 2018-2019 թվականներին արտագաղթի միտումները նվազել են մոտավորապես 90 տոկոսով: Համոզված են՝ մինչեւ վիզաների ազատականացման թեմայով գանք լուծումների, մեզ մոտ արտագաղթի տեմպերը կնվազեն 100 տոկոսով, եւ կունենանք ներգաղթ: Եթե հասկանանք, որ «այս տարին» 2019 թվականն է, ապա դրա ավարտին մնացել է 1․5 ամիս։
Սա, թերեւս, կարող է լինել բացարձակ սին հույս մի քանի պատճառներով, որոնց մասին վարչապետ Փաշինյանը հազիվ թե չիմանար։ Մասնավորապես, որպեսզի Եվրոպական միությունը Հայաստանի հետ սկսի վիզաների ազատականացման երկխոսության գործընթաց, հարկավոր է, որ բոլոր 28 (Մեծ Բրիտանիան դեռ դուրս չի եկել) անդամ երկրները տան իրենց համաձայնությունը։ Ըստ ԵՄ-ում գործող ընթացակարգերի՝ Բրյուսելում գտնվող Եվրոպական հանձնաժողովը պետք է ԵՄ անդամ պետություններին նամակներ ուղարկի՝ ծանուցի, որ ԵՄ-ն Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն է ուզում սկսել, տվեք ձեր նախնական համաձայնությունը, որը ստանալուց հետո միայն Բրյուսելը կարող է պաշտոնապես հայտարարել, որ մեկնարկը կարող է տրվել։ Եվ հավանականությունը, որ այս 1․5 ամսվա ընթացքում կարող են 28 երկրներից նման համաձայնություններ տրվել, չնչին է։
