Շիրակի մարզպետի աշխատակազմում ՊՎԾ-ն ստուգումներ է անում

Վերջին շրջանում Շիրակի մարզպետի աշխատակազմում շատացել են պաշտոնյաների ձերբակալության դեպքերը։ Այս տարվա ընթացքում արդեն 3 պաշտոնատար անձ է ձերբակալվել։

Ձերբակալվածներից մեկը Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն է, մյուսը՝ նույն բաժնի առաջատար մասնագետ Մկրտիչ Ասատրյանը, իսկ մյուս ձերբակալվածը` կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն է։
Նիկոլ Փաշինյանի Գյումրի այցից մոտ մեկ շաբաթ անց Շիրակի մարզպետի աշխատակազմում ՊՎԾ-ի կողմից ստուգումներ են սկսվել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն է այս անգամ իշխանության «զոհը»: Ամենայն հավանականությամբ Մուշեղ Մուրադյանին Փաշինյանը պատրաստվում է տուն ճանապարհել։
ՊՎԾ ստուգումների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Շիրակի մարզպետի աշխատակազմից։
«Ձեզանից եմ իմանում, եթե ինչ-որ բան ճշտեցի, կասեմ»,- հայտարարեցին մարզպետի աշխատակազմից։
Դեռ տարեսկզբից խոսակցություններ կային, որ Շիրակի մարզպետը պիտի պաշտոնանկ արվի։
Նշենք, որ Մուշեղ Մուրադյանը իշխանափոխությունից ամենաերկար կառավարած մարզպետն է։

Share This