Գազարով դիետա՝ օրգանիզմը մաքրելու, ավելորդ քաշից ազատվելու և կազմվածքը կարգի բերելու համար
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի հիանալի սննդակարգ, որը ոչ միայն օգնում է ազատվել ավելորդ քաշից առանց առողջությանը վնաս հասցնելու, այլև ամրապնդում է իմունային համակարգը և երիտասարդացնում ու թարմացնում օրգանիզմը: Խոսքը գազարով դիետայի մասին է, որը բարենպաստ ազդեցություն է ունենում ամբողջ օրգանիզմի վրա:
Գազարը հարուստ է բետա-կարոտինով, որը շատ օգտակար է իմունային համակարգի համար և օգնում է կանխել օրգանիզմի վաղաժամ ծերացումը: Բացի այդ, այն նաև պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, որը հիանալի հակաօքսիդանտ է և կանխում է աթերոսկլերոզի, արյան գերճնշման, կատարակտի և մի շարք օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը:
Գազարը մանրաթելերի հարուստ աղբյուր է, ինչի շնորհիվ օգնում է խուսափել նաև աղիների տարբեր խնդիրներից: Դրանում պարունակով կալիումն ազատում է անհանգստությունից և կարգավորում է քունը, իսկ մյուս ակտիվ բաղադրիչներն ու վիտամինները բարելավում են մաշկի գույնն ու մաքրում օրգանիզմը տոքսիններից:
Գազարով դիետա
Այս դիետայի տևողությունը 4 օր է և այդ ընթացքում հարկավոր է և՛ նախաճաշին, և՛ ճաշին, և՛ ընթրիքին ուտել միայն թարմ գազարով պատրաստված աղցան:
Աղցանը պատրաստելու համար հարկավոր է 2 հատ խոշոր գազարը քերիչով մանրացնել և ավելացնել որևէ միրգ (ըստ ցանկության՝ խնձոր, կիվի, թուրինջ, նարինջ և այլն): Ցանկության դեպքում աղցանը կարելի է համեմել նաև կանաչեղենով, ինչպես նաև ավելացնել 1 թեյի գդալ մեղր կամ 1 ճաշի գդալ անյուղ կաթնաշոռ: Հարկ է հիշել, որ բետա-կարոտինի յուրացման համար հարկավոր է աղցանին նաև անպայման 1 թեյի գդալ ձիթայուղ ավելացնել:
Ընդհանուր ցուցումներ
· Գազարը հարկավոր է լավ ծամել, քանի որ այն հարուստ է մանրաթելերով, որոնք բավականին կոպիտ սնունդ են ստամոքսի համար:
· Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև հեղուկի մասին. օրվա ընթացքում հարկավոր է բավարար քանակությամբ ջուր կամ կանաչ թեյ խմել:
· Ցանկության դեպքում կարելի է առավոտյան ու երեկոյան կես բաժակ անյուղ կաթ կամ յուղազրկված կեֆիր խմել:
· Դիետայի չորրորդ օրը կարելի է 3 հատ ոչ մեծ կարտոֆիլ ուտել (պատրաստված ջեռոցում), իսկ հինգերորդ օրից սկսած կարելի է վերադառնալ սովորական սննդակարգին:
Առհասարակ՝ այս դիետան շատ օգտակար է առողջության համար, սակայն հարկ է հիշել, որ լյարդի կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում հարկավոր է հրաժարվել նման դիետաներից կամ գոնե նախապես խորհրդակցել բժշկի հետ:
