Գյումրիի քաղաքապետը երկու օրից հրաժարական կտա
AmbionNews-ի տեղեկություններով` Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը երկու օրից հրաժարակ կտա։ AmbionNews-ը դեռ երկու տարի առաջ ծավալուն հոդված էր գրել, որտեղ անդրադարձել էր ՔՊ-ի իշխանազավթման ցանկություններին։
Մեր աղբյուրի փոխանցմամբ` Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանը ստիպում է Սամսոնյանին, որպեսզի հրաժարականի դիմում ներկայացնի։
«Ամեն ինչ շատ պարզ է, իշխանության աչքը Բալասանյան ընտանիքին պատկանող «Սև բերդ» ամրոցի վրա է, ամեն գնով փորձում են խլել»,-ասում է մեր աղբյուրը։
2021 թվականին ՔՊ-ն ու «Բալասանյան դաշինքը» որոշ հարցերում կարողացան համագործակցության ընդհանուր եզրեր գտնել, երբ միանգամից 2 ՔՊ-ականներ զբաղեցնում էին փոխքաղաքապետերի պաշտոնը։ Նույնիսկ համագործակցության շրջանակներում Սամվել Բալասանյանի որդին Միսաք Բալասանյանը Իրաքում Հայաստանի դեսպան նշանակվեց, երեք ամիս անց հետ կանչվեց դեսպանի պաշտոնից։
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնեց արտահերթ նիստ, որտեղ քննարկվեց Գյումրիի քաղաքապետի 24 որոշումները անվավեր ճանաչելու և ներկայացննել վարչական դատարան։
Ըստ շրջանառվող լուրերի`
ՔՊ-ականները փորձում են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանից բռնագանձել Գյումրիի «Սև բերդ» ամրոցը և մի շարք այլ շինություններ, որոնք ավագանու որոշումներով օտարվել էին, ապա վաճառվել:
Ընդ որում երեկ էլ մամուլում տարածվեց տեղեկություն, որ Գյումրիի քաղաքապետը հրաժարական է տվել։
Քաղաքապետի պաշտոնանկության մասին խոսվեց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
Մամուլում տարածվեց տեղեկություն, որ Փաշինյանի այցից հետո սպասվում են պաշտոնանկություններ, մասնավորապես Գյումրիի քաղաքապետարանում։
Դեռ անցած տարվանից տարածվեցին տեղեկություններ, որ ՔՊ-ն Գյումրիում պատրաստվում է որոշ խոշորացված համայնքների սցենարով զավթել իշխանությունը։
